Ավինյանի թեկնածության թեմայով «Բարգավաճ Հայաստան»-ում դեռ քննարկում չի եղել. Մանրիկյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

60d77b1e-c4cd-4f0d-895c-5c9db1eceae2.jpg

Տիգրան Ավինյանի թեկնածության թեմայով Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում դեռ քննարկում չի եղել։ Այս մասին 24News-ին ասաց Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը։

Երեւանի քաղաքապետ, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հրաչյա Սարգսյանը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ նախկին փոխվարչապետ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Քաղաքացիսկան պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը ներառվել է ավագանու՝ սեպտեմբերի 13-ի նիստի օրակարգում:

Ավագանու անդամ Միքայել Մանրիկյանն ասաց, որ խմբակցությունում քննարկում կլինի վաղը, Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ էլ չի եղել։

«Տվյալ հանձնաժողովի նիստը տեղի կունենա երեքշաբթի առավոտյան, այսինքն՝ դեռ հանձնաժողովում մեր կարծիքը չենք հայտնել։ Իսկ ինչ վերաբերում է նշանակվելուն, ապա իրենց ավագանու թիմն է, որը ստացել է երեւանցիների քվեների բացարձակ մեծամասնությունը, և իրենք են որոշում՝ ում նշանակել։ Լա՞վ է, թե՞ վատ, ժամանակը ցույց կտա։ Մեր դիրքորոշումը պարզ կլինի վաղը երեկոյան, երբ կունենանք խմբակցության նիստ։ Կուսակցության ղեկավարի հետ կքննարկենք այս հարցը», - նշեց Մանրիկյանը։

Հարցին՝ մտավախություն չունե՞ն, որ Ավինյանը կարող է վարչական ռեսուրս կիրառել մինչեւ քաղաքապետի ընտրությունը՝ քարոզարշավի ընթացքում, ավագանու՝ մեծությամբ 2-րդ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Հիմա ես հարց տամ, երբ քաղաքապետները մասնակցել են հաջորդ ընտրությանը որպես թեկնածու, մտավախություն եղե՞լ է։ Ամեն ինչ կարող է լինել այս կյանքում, պետք է վերահսկողություն սահմանել, և եթե ընդդիմությունը հստակ և ճիշտ գործելաոճ ունենա, որևէ ռեսուրսի կիրառումը հնարավոր է կանխել»։

«Այսօր այնպիսի դարում ենք ապրում, որ ամեն ինչ էլ հնարավոր է բացահայտել։ Նաև դուք՝ լրագրողներով կարող եք նպաստել այդ գործին։ Այսինքն՝ եթե մենք զգոն աշխատենք, ամեն ինչ կլինի իր տեղում», - ընդգծեց նա։

Խմբակցության ղեկավարն ասաց, որ դեռ չեն որոշել՝ ում առաջադրել ԲՀԿ-ից քաղաքապետի թեկնածու։ «Դեռ վաղ ենք համարում։ Կարծում եմ՝ կքննարկենք Նոր տարուց հետո, դեռ 1 տարի ժամանակ կա։ 1 տարվա մեջ շատ բան կարող է փոխվել, այդ իսկ պատճառով քննարկում չի եղել։ Քննարկում լինի, կուսակցությունը կտարածի համապատասխան հայտարարություն», - եզրափակեց Միքայել Մանրիկյանը։

--00—ԶՀ