ՄԻՊ-ը երեխաների հետ զրուցել է վերջիններիս իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի շուրջ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

քոաս

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր՝ օգոստոսի 26-ին, հանդիպել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակից երեխաների հետ։

Ինչպես տեղեկանում է ՄԻՊ–ի գրասենյակից, հանդիպման սկզբում պաշտպանը երեխաներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում՝ ընդգծելով իրավունքի խախտումների կանխարգելման եւ վերականգնման հարցում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գործառույթները եւ լիազորությունների շրջանակը:

Քրիստիննե Գրիգորյանը երեխաների հետ զրուցել է վերջիններիս իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ: Մասնավորապես՝ հարց ու պատասխանի միջոցով քննարկվել են մարդու արժանապատվության, հիմնական իրավունքների եւ ազատությունների, կրթություն ստանալու իրավունքի իրացման, ներառական միջավայրի ձեւավորման, կրթական համակարգում երեխաների պոտենցյալի բացահայտման համար անհրաժեշտ բարեփոխումների վերաբերյալ մի շարք հարցեր:

Պաշտպանը մասնակիցներին ներկայացրել է նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ պաշտպանին առընթեր երեխաների եւ երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի ստեղծման մեկնարկի մասին:

--00—ԻԴ