Դատախազը հաստատել է Բորիս Բախշիյանի քրգործով մեղադրական եզրակացությունը և գործն ուղարկել դատարան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 13, 24News

timthumb.jpg

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան։ ՀՀ գլխավոր դատախազությունից «Փաստիֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը։

Հիշեցնենք, որ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվում է Նիկոլ Փաշինյանի աջակից Նվեր Մկրտչյանին կալանավորելու որոշում կայացնելու համար։

Ըստ նախաքննական մարմնի նախնական վարկածի, Մկրտչյանին դատավորն ակնհայտ ապօրինի կալանավորելու որոշում է կայացրել, թեեւ ամբաստանյալն ինքը չէր ներկայացել դատական նիստին՝ դրսևորելով ոչ պատշաճ վարքագիծ։ Ավելին, դատախազությունը չէր բողոքարկել դատական նիստերին չներկայացվող ամբաստանյալի խափանման միջոցը փոխելու ու կալանավորելու որոշման դեմ։

Դատավորին ի սկզբանե մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք։ Վարույթն իրականացնող մարմինը որպես ծանր հետևանք էր դիտարկել այն հանգամանքը, որ ամբաստանյալ Մկրտչյանի նկատմամբ, «Գորիս» ՔԿՀ-ում, իբրև ազդեցություն է գործադրվել՝ հարկադրելով փոխել ցուցմունքը, ինչն էլ հանգեցրել է նրան, որ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի խափանման միջոց կալանավորումը փոխարինվի գրավով։

Քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, ու նախաքննական մարմինը հրաժարվել է իր նախնական մեղադրանքից, Բախշիյանի մեղադրանքը վերաորակվել և մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 348-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ակնհայտ ապօրինի կալանավորելու հատկանիշներով։ Այլ խոսքով՝ իրավապահներն, ի վերջո, հասկացել են, որ դատավորը, կալանավորման որոշումը կայացնելիս, որևէ կերպ չէր կարող նախապես իմանալ կամ որևէ կապ ունենալ ամբաստանյալի նկատմամբ ՔԿՀ-ում ենթադրաբար գործադրվելիք ազդեցության և ցուցմունք փոխելու հետ։ Եթե, իհարկե, բացառենք, որ ի սկզբանե դա գիտակցում էին, պարզապես այդպես էլ պետք դատավորին կալանավորելու եւ այդպիսով մի շարք այլ դատավորների վախը բռնելու համար։

Մեղադրանքի փոփոխմամբ, ըստ էության, քրեական գործը փլուզվեց՝ դեռեւս մինչդատական փուլում։Այս գործով դատավորը երեք ամիս կալանքի տակ է եղել և ազատ է արձակվել մայիսի 7-ին։

--00—ՀԶ