Լիտվայի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

հասարակական

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան տիկնոջ՝ Դիանա Նաուսեդիենեի հետ այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի և ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղեկցությամբ:

Հյուրերին դիմավորել և հուշահամալիրի ստեղծման պատմությունն է ներկայացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:

Նա հյուրերին ներկայացրել է նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:

Գիտանաս Նաուսեդան ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:

Նրանք շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո Լիտվայի նախագահը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ Հարություն Մարությանը պատվավոր հյուրին է նվիրել Հայոց ցեղասպանության մասին գրքեր: Իր հերթին, պարոն Գիտանաս Նաուսեդան Հայոց ցեղասպանության թանգարանին է նվիրել Հոլոքոստի մասին գրքեր:

Այցի ավարտին Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան Հիշողության պուրակում տնկել է արծաթափայլ եղևնի:

հասարակական

--00--ԿԿ

Տեսանյութեր