Այսուհետ Արցախի ճակատագրով յուրաքանչյուրի մտահոգությունը «չափելի է»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

 

տռռեգտեռգ

Ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած եռակողմ՝ Նիկոլ Փաշինյան, Շառլ Միշել, Իլհամ Ալիև հանդիպումը ամփոփող հայտարարությունները կարելի է բնութագրել որպես արցախա-ադրբեջանական հակամարտության հայանպաստ լուծման գործում հերթական հետընթաց։

Դիվանագիտական խոսույթում բացակայում էր Արցախյան հիմնահարցի շրջանակներում ազգերի ինքնորոշման սկզբունքի ամրագրումը, որը խիստ մտահոգիչ է, իսկ խաղաղության պայմանագրի նախապատրաստման վերաբերյալ դիտարկումներում Արցախը որպես սուբյեկտ առհասարակ բացակայում էր։ Ակնհայտ է, որ խաղաղության պայմանագրի կնքումը առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման փակուղի է տանում արցախահայության անվտանգ և խաղաղ ապրելու հեռանկարը։

Այս հանգամանքով պայմանավորված` պետք է փաստել, որ Արցախի անվտանգության և Արցախի հայկականության երաշխավորումը ներկա իշխանությունների օրակարգում որևէ կերպ արտահայտված չէ: 

Արցախի հայկականության երաշխավորը այլևս կարող է և պետք է լինի հայ ժողովուրդը: Յուրաքանչյուրս պետք է առաջնորդվենք պատմականորեն ապացուցված այն պարզ բանաձևով, որ «հողը պատկանում է նրան, ով ապրում է այնտեղ»: 

Հետևաբար, յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ, ապրելով Արցախում, այցելելով Արցախ, ներդրումներ անելով Արցախում, մասնակցելով Արցախի հանրային կյանքին, կարևորագույն ներդրում ենք ունենում Արցախի հայկականության երաշխավորման հարցում: 

Այսուհետ Արցախի ճակատագրով յուրաքանչյուրի մտահոգությունը «չափելի է»:

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության խորհուրդ

--00--ՍԳ