«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը հիմնադիր համագումար է արել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

նկար

Սույն թվականի փետրվարի 27-ին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության հիմնադիր համագումարը:

Ժողովրդավարական համախմբումը, դեռևս որպես նախաձեռնություն, հիմնվել է 2019 թ․ ապրիլին։ Սակայն աշխարհաքաղաքական և տարածաշրջանային խորքային փոփոխությունները, Ադրբեջանի կողմից Արցախի գերակշիռ մասի օկուպացիան, ինչպես նաև ՀՀ քաղաքական իշխանության ոչ միայն անկարողությունը երաշխավորելու Հայաստանի և Արցախի անվտանգությունը, այլ նաև հայկականության և ազգային պետության լինելիությունը հարցականի տակ դնելը, ստիպեցին նախաձեռնության անդամներին վերանայել քաղաքական գործընթացներում մասնակցության իրենց ձևաչափն ու տրամաբանությունը և մուտք գործել ակտիվ քաղաքականություն: Կուսակցությունը քաղաքական խորքային ճգնաժամի այս փուլում հատկապես կարևորում է «ընդդեմ»-ի և մերժողականության հարացույցի փոխարինումը համագործակցության և «հանուն»-ի հարացույցով: 

նկար

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը, ելակետ ընդունելով այն հիմնադրույթը, որ պետությունը հայրենիքի դրական-իրավական ձևն է, իսկ հայրենիքը՝ նրա ստեղծագործական, հոգևոր բովանդակությունը, սահմանել է հզոր պետությունը, անկախ հայրենիքը և ազատ անհատը որպես իր գործունեության գերակայություն։ Իսկ որպես գաղափարական հենք սահմանել է․
 
քաղաքական հարթությունում՝ ազատականությունը.
տնտեսական հարթությունում՝ սոցիալական մոտեցումը. 
մշակութային հարթությունում՝ պահպանողականությունը:

Կուսակցության հիմնադիր անդամների կազմում կան տարբեր ոլորտների ներկայացուցիչներ և գիտնականներ: 

նկար

Հիմնադիր համագումարի ընթացքում ելույթներով հանդես եկան կուսակցության նորընտիր նախագահ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, հիմնադիր-անդամ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Ավետիսյանը, հիմնադիր անդամ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Սոս Խաչիկյանը, Ապրիլյան և Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից, «Առաջ, Արցախ» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Հայրապետյանը:

Ժողովրդավարական համախմբումում վստահ են` խորքային ճգնաժամի հենց այս փուլում առավել կարևոր է նոր քաղաքական միավորների ձևավորումը, որոնք, օժտված լինելով բարձր պատասխանատվությամբ, քաղաքական օրակարգ պետք է բերեն նոր գաղափարներ և նոր վարքաբանություն՝ գեներացնելով պետականաշինության և հասարակության վերակառուցման գաղափարապես հիմնավորված նոր մոտեցումներ:

նկար

--00—ԼՄ