Թագուհի Թովմասյանը Վաշինգթոնում հանդիպել է ներկայացուցիչների պալատի անդամ Քեթրին Քլարկի հետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

 

տռռեգտեռգ

Վաշինգթոնում աշխատանքային այցի շրջանակներում հանդիպեցինք ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Քեթրին Քլարկի հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Կոնգրեսականի հետ քննարկել ենք Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը և Ադրբեջանի ագրեսիվ և հանցավոր գործողությունները։ Ներկայացրել եմ Արցախում առկա հումանիտար ճգնաժամը, որը արդյունք է Ադրբեջանի կողմից ուղղորդված և համակարգված էթնիկ զտման քաղաքականության, որի նպատակն էլ Արցախի հայաթափումն է և արցախահայության բռնի տեղահանումը։

Տիկին Քլարկին եմ փոխանցել Արցախի Մարդու իրավունքների պաշտպան / Artsakh Ombudsman-ի մի քանի զեկույցներ, որոնք առարկայական ապացույցներով ներկայացնում են ինչպես 2016թ.-ի քառօրյա, այնպես էլ 2020թ.-ի 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի գործած պատերազմական հանցագործությունները, հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և վանդալիզմի դրսևորումները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ատելության խոսքի, պետականորեն ուղղորդված հայատյաց հռետորաբանության քաղաքականությունը։ Կոնգրեսականը նշել է, որ անպայման կուսումնասիրի բոլոր զեկույցները։

Շնորհակալություն եմ հայտնել և հայտնում տիկին Քլարկին արդյունավետ քննարկման և կատարած աշխատանքի համար: Եւս մեկ անգամ խնդրեցի հետևողական լինել Արցախում և Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին ու դատապարտել, պատժամիջոցներ նախաձեռնել Ադրբեջանի դեմ՝ զսպելու այդ երկրի ծավալապաշտական և հայասպան նկրտումները։

--00--ՍԳ