Քննարկվել են Շտապ բժշկական օգնության կենտրոնացված ծառայության ներդրմանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

․

Առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել Կառավարության զարգացման ծրագրով նախատեսված Շտապ բժշկական օգնության կենտրոնացված ծառայության ներդրման 2022-2025 թվականների ծրագրի մշակումն իրականացնող աշխատանքային խմբի առաջին հանդիպումը` թիմի ղեկավար, առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են շտապ բժշկական օգնության ծառայության արագ արձագանքման, մեկ միասնական կենտրոնից ղեկավարման հնարավորությունները:
Փոխնախարար Արմեն Նազարյանը նշել է, որ աշխատանքային քննարկումների վերջնարդյունքը պետք է լինի հանրապետության ամբողջ տարածքում շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչերի սպասարկման առավել որակյալ ու արդյունավետ կազմակերպումը:

Մոդելի մշակման համար կիրականացվի շտապ օգնության ծառայությունների առկա վիճակի վերլուծություն, մարդկային և նյութական ռեսուրսների գնահատում:

Միջազգային փորձի, ինչպես նաև շտապ բժշկական օգնության գործող մոդելների և գործելակարգերի ուսումնասիրության նպատակով թիմի աշխատանքներում ներգրավված կլինեն նաև միջազգային փորձագետներ: Նախատեսված են նաև հանդիպումներ, մարզային այցելություններ և քննարկումներ:

Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ամենամսյա հանդիպումների միջոցով ամփոփել ընթացիկ աշխատանքները:

--00--ԱՀ