Արցախի ՔԿ-ն հորդորում է խուսափել տրանսպորտային միջոցներ վարելուց, եթե զրկված են վարելու իրավունքից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

vostikan

ԱՀ քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի և տարածքային քննչական վարչություններում վարույթ են ընդունվել ԱՀ քրեական օրենսգրքի 254.1 հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված լինելով հանդերձ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը: Այս մասին հայտնում են Արցախի ՔԿ-ից:

Նախաքննությունը շարունակվում է: Կոմիտեն հիշեցնում է, որ օրենսդիրը քրեական օրենսգրքի 254.1 հոդվածով քրեական պատասխանատվություն է նախատեսել ինչպես տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, այնպես էլ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու դեպքերով, ու եթե առաջինի դեպքում որպես պատիժ է սահմանվում նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով տուգանքը, ապա հոդվածի երկրորդ մասով պատիժը սկսվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ վեց ամսից մեկ տարի ժամկետով:

«Հարգելի համերկրացիներ, կոչ ենք անում չտրվել գայթակղությանը, չվտանգել ինչպես Ձեր, այնպես էլ Ձեր իսկ թուլության հետ բացարձակ առնչություն չունեցող անմեղ մարդկանց կյանքն ու առողջությունը։

Կյանքն ավելին արժե, իսկ իմաստավորվում է միայն այն դեպքում, երբ գնահատում ու արժևորում ես անցկացրած յուրաքանչյուր վայրկյանը»,-նշված է ԱՀ ՔԿ հայտարարությունում։

 --00—ՀԶ