Ուկրաինայի պարագայում Հարավային Օսիայի և Աբխազիայի սցենարը կկրկնվի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

քաղաքական

Ուկրաինայի պարագայում Հարավային Օսիայի և Աբխազիայի սցենարը կկրկնվի։ Այս մասին 24News-ին ասաց քաղաքագետ Արթուր Ղազարյանը՝ անդրադառնալով Դոնբասի հակամարտության սրացմանը և ռուս-ուկրաինական լարվածության սրմանը։ 

Փետրվարի 21-ի ուշ երեկոյան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնբասի խնդրի սրացման ֆոնին հրամանագրեր էր ստորագրել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները ճանաչելու մասին։ Ուկրաինան համանուն մարզերի մասերն է համարում Դոնեցկն ու Լուգանսկը, որոնք 2014-ի մայիսի 12-ին հայտարարել էին իրենց անկախության մասին։ Այս պահի դրությամբ միայն Ռուսաստանն է ճանաչել դրանք անկախ պետություններ։

Քաղաքագետ Արթուր Ղազարյանի խոսքերով՝ Արևմուտքը հանուն Դոնեցկի, Լուգանսկի, հանուն Ուկրաինայի պատերազմի մեջ չի մտնի Ռուսաստանի դեմ։ «Ի տարբերություն Ղրիմի, Դոնեցկն ու Լուգանսկը անկախություն են ճանաչել, Ռուսաստանը կրկնեց Հարավային Օսիայի և Աբխազիայի օրինակը։ Եվ եթե համեմատական անցկացնենք, ապա 2008-ին ռուս-վրացական կարճատև պատերազմ տեղի ունեցավ, Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունները ճանաչվեցին։ Եվ կամաց-կամաց ռուսական ազդեցության գոտի դարձան, չնայած նրան, որ Արևմուտքը չի ճանաչում դրանց անկախացումը, Վրաստանն էլ չի ընդունում այդ երկրամասերի կորուստը»։

«Եթե մի փոքր հետ գնանք, էմբարգոներով տնտեսապես ամեն ինչ արեցին, որ Ռուսաստանն այլընտրանք չունանա և Դոմբասի հարցով դիմի կոշտ միջոցների։ Եվ այդ ժամանակաշրջանում Արևմուտքը փոխարենը չսրեր, ավելի սրեց իրավիճակը, փորձեց տնտեսապես անճարակ դարձնել Ռուսաստանին», - ասաց քաղաքագետը։

Ղազարյանի խոսքերով՝ ռուս-ուկրաինական էսկալացիան կարճատև կլինի։ «Արևմուտքն անուղղակի կաջակցի Ուկրաինային, իսկ պատերազմ չի հայտարարի կամ պատերազմի մեջ չի մտնի Ռուսաստանի հետ։ Ռուսաստանը, միակողմանի ճանաչելով այդ երկրամասերի անկախությունը, որը երկարատև գործընթաց է, կամաց-կամաց կհասնի միջազգային կամ դե յուրե ճանաչման։ Սա եմ կանխատեսում», - եզրափակեց քաղաքագետը։

--00--ԿԿ