Ողբերգական ավտովթար՝ Դիլիջանի ոլորաններում. 2 զոհերից մեկը երեխա է, կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News

Հասարակական

Այսօր՝ փետրվարի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ժգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 85 կմ հատվածում՝ Դիլիջանի ոլորանների 1-ին գոտում, ավտոմեքենա է ընկել ձորը և, ըստ տեղեկությունների, կան տուժածներ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Սևանի ջրափրկարարներն ու ճանապարհային ոստիկանները ճոպանների միջոցով մեծ դժվարությամբ ձորից դուրս են բերել մոտ 70 տարեկան տղամարդու և 12-15 տարեկան տղայի դիեր։ 

Մահացածներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել Սևանի ջրափրկարարները, իսկ մյուսին հայտնաբերել են մեքենայից դուրս։   

Դիլիջանի բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են  ցուցաբերել վիրավորներից 2 հոգու, ապա տեղափոխել «Դիլիջան» բժշկական կենտրոն։ 

Աղբյուրը հայտնում է, որ պարզվել է՝ Mercedes մակնիշի ավտոմեքենան դեպի Դիլիջան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին, տապալել այն, հայտնվել անտառում՝ կոտրելով մի քանի հաստաբուն ծառեր։  

--0--ԿԿ