Իդեալական երեխա էր․ Ալավերդու համայնքապետը՝ երեկ զոհված զինվորի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

Հասարակական

Վերին Շորժայի և Նորաբակի ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով հունվարի 11-ին զոհված 20-ամյա կրտսեր սերժանտ Ռուդիկ Ղարիբյանը Լոռու մարզի Ալավերդի համայնքից էր։

24News-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանն ասաց, որ Ռուդիկ Ղարիբյանը որպես մարդ տարբերվող տեսակ էր։ «Իդեալական երեխա էր բոլոր առումներով։ Ասենք՝ 5 տարի, 50 տարի հետո ինքը երկրին, հասարակությանը, ժողովրդին պիտանի երեխա էր։ Ալավերդու պետական քոլեջում էր սովորել, բանկային գործ», - նշեց Խեչումյանը։

Զինծառայողի մահվան լուրը ընտանիքին հայտնել է հենց համայնքապետը։ «Լիարժեք ընտանիք ունի, քույր էլ ունի։ Հայրը շինարար է, Ռուսաստան է գնում-գալիս, արտագնա աշխատանքով է զբաղվում», - ասաց Սասուն Խեչումյանը։

--00--ԿԿ