Ադրբեջանական սադրանքների պատճառով Արցախի Կարմիր Շուկայում երեխաները դպրոց, մանկապարտեզ չեն գնացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

Հասարակական

Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղում երեխաները դպրոց, մանկապարտեզ այսօր չեն գնացել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Կարմիր Շուկայի բնակիչներից մեկը, որը ցանկացավ անանուն մնալ։

Երեկ ադրբեջանական զինուժը ժամը 14:30-ի սահմաններում հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից 10 րոպե տևողությամբ կրակահերթ էր բացել Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ համայնքների ուղղությամբ: Կ.Շուկայի մանկապարտեզի հարևանությամբ այրվել էր կայանված «ՈւԱԶ» մակնիշի մի ավտոմեքենա։ 

«Այսօր հանգիստ է, բան չկա, երեկ են կրակել, մեքենան է վառվել։ Մանկապարտեզը, դպրոցը մոտ են սահմանին, հասկանալի է, երեխեքը վախեցել են, մինչև հիմա դպրոց, մանկապարտեզ չեն գնացել։ Իմ երեխան դպրոց չի գնացել, մեր մոտիկների երեխաները չեն գնացել։ Տնօրենի հետ խոսացել եմ, տեսնենք՝ ինչպես են դասն անելու, օնլայն կազմակերպենք», - ասաց մեր զրուցակիցը։

Կարմիր Շուկայի բնակչի խոսքերով՝ երեկվա դեպքը շատ մոտիկ տեղում է եղել, ժողովուրդը մի քիչ վախենում, զգուշանում է։ Ինչ վերաբերում է գյուղատնտեսական աշխատանքները (անասնապահություն, հողագործություն) կազմակերպելուն, ապա մեր զրուցակիցն ասաց, որ տեղ-տեղ աշխատանքներն անում են, իսկ ադրբեջանցիները շարունակում են գողանալ բնակիչների անասունները։ «Մեր ընկերոջ անասունները չեն էլ անցել սահմանը, կարելի է ասել մեր մոտ է եղել, եկել, սպանել են անասուններից մեկը, մնացածն էլ՝ մի 45 հատ քշել-տարել են, 10 հատն էլ հետո բաց են թողել։ Տրակտորը աշխատում են, կրակում են վրան», - եզրափակեց նա։

--00--ԿԿ