Մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզում. հետիոտնը մահացել է, վարորդը դիմել է փախուստի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

նկար

Դեկտեմբերի 15-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:20-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 41.5-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտնին և նրան թողնելով անօգնական, դեպքի  վայրից դիմել է փախուստի, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:

Ոստիկանները օպերատիվ տվյալներով պարզել  են մահացածի ինքնությունը: Նա 58-ամյա Յուրիկ Ղայրամանյանն էր: Դեպքի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Կարեն Հովհաննիսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Վահե Կակոյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով Վ. Կակոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր․ օր․-ի 242 հոդվածի 2-րդ մասի և  244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը  ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: 

--00—ԼՄ