Դեսպան Անահիտ Հարությունյանն իր հավատարմագրերն է հանձնել Կուբայի Հանրապետության նախագահին

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13,  24 News

․

Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպան Անահիտ Հարությունյանը համատեղության կարգով հավատարմագրվել է որպես Կուբայի Հանրապետությունում ՀՀ դեսպան (նստավայրը՝ քաղաք Օտտավա։ Այս մասին հայտնում է Կանադայում Հայաստանի դեսպանությունը: Նշվում է, որ դեկտեմբերի 10-ին համատեղության կարգով Կուբայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Անահիտ Հարությունյանն իր հավատարմագրերը հանձնել է Կուբայի Հանրապետության նախագահ Միգել Մարիո Դիաս Կանել Բերմուդեսին։

Հավատարմագրերի հանձման պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Կուբայի նախագահը, շնորհավորելով դեսպան Հարությունյանին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանը կնպաստի հայ-կուբայական բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանը և տարբեր մակարդակներում երկխոսության խորացմանը:

Դեսպան Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և շնորհավորանքների համար և հավաստիացրել, որ իր առաքելության ընթացքում առավելագույն ջանքերը կներդնի երկկողմ համագործակցությանը նոր լիցք հաղորդելու և երկու ժողովուրդների միջև բարեկամությունն ամրապնդելու ուղղությամբ։ Երկուստեք կարևորվել են համագործակցությունը բազմակողմ հարթակներում, մասնավորապես ԵԱՏՄ շրջանակներում։

--00--ԱՀ