Բաքուն գերիների մասին տեղեկություն տրամադրելու համար մինչև դեկտեմբերի 8-ը ժամանակ է խնդրել ՄԻԵԴ-ից

ԵՐԵՎԱՆ, ԴԵՄՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Հասարակական

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը մինչև դեկտեմբերի 1-ը ժամանակ էր տրամադրել պաշտոնական Բաքվին՝ տեղեկություններ տրամադրելու նոյեմբերի 16-ին Սյունիքի մարզի սահմանային հատվածից գերեվարված զինծառայողների վերաբերյալ, սակայն Ադրբեջանը ժամանակ է խնդրել մինչև դեկտեմբերի 8-ը։ Տեղեկությունը 24News-ին հայտնեց փաստաբան, արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը։

Ստրասբուրգյան դատարան հայ գերիների մասով դիմումներ ուղարկել էին իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանը, Արտակ Զեյնալյանը և ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցչի գրասենյակը։ Նրանք Եվրոպական դատարանին դիմել էին հրատապ միջոցներ կիրառել, որպեսզի ադրբեջանական կողմը տեղեկություն տրամադրի նոր գերիների մասին, ապահովի նրանց կյանքի իրավունքը: Նոյեմբերի 25-ին Եվրադատարանը  գերեվարված 4 անձի նկատմամբ անհապաղ միջոց կիրառելու որոշում էր կայացրել՝ բավարարելով իրավապաշտպանների դիմումը:

Ըստ Արտակ Զեյլանյանի՝ գերիների մասով ՄԻԵԴ նոր դիմում չի ուղարկվել։ 

Իսկ ինչ վերաբերում է, թե ինչ պատճառաբանություն է բերել Ադրբեջանը գերիների վերաբերյալ տեղեկություն տրամադրելու ժամկետը երկարացնելու համար, ապա ըստ փաստաբանի՝ Բաքուն «տեղեկությունները ճշտելու» համար է ժամանակ խնդրել։

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը երեկ 24News-ին ասաց, որ Ադրբեջանը սովորաբար այսպիսի դեպքերում սկզբնական ժամկետում չի պատասխանել։

«Կարմիր խաչ» միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին 24News-ին ասաց, որ ադրբեջանական կողմը դեռևս ԿԽՄԿ-ին չի հաստատել նոյեմբերի 16-ի բախումների հետևանքով որևէ զինծառայող գերեվարելու հանգամանքը։ «Մենք աշխատում ենք այս ուղղությամբ համապատասխան իշխանությունների հետ։ Հույս ունենք, որ հետագա քայլերը կձեռնարկվեն, մենք ընտանիքներից հետո հանրությանը կտեղեկացնենք։ Բայց այսօրվա դրությամբ դեռևս շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ», - եզրափակեց Ամատունին։ 

Նոյեմբերի 16-ին Սյունիքի ուղղությամբ բախումների հետևանքով, ըստ պաշտպանության նախարարության՝ նոյեմբերի 17-ի տարածած հաղորդագրության, Հայկական կողմն ունեցել է 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող, իսկ ևս 24 զինծառայողի հետ կապը կորել էր մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն անհայտ էր։

Նոյեմբերի 26-ին ռուսական «Սպուտնիկ» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը գրել էր, որ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել երկու գերի, որոնցից մեկը Սյունիքի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավոր վիճակում գերի ընկած զինծառայող Արին Արամյանն էր։

Գնդապետ, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանը 24News-ին ասել էր, որ հայ գերիների վերադարձը տեղի է ունեցել Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, ՌԴ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինի աջակցությամբ, իսկ պայմանավորվածությունները ձեռք են բերվել ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, ՌԴ խաղաղապահ զորախմբի նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի՝ նոյեմբերի 17-ին Բաքու կատարած այցելության ընթացքում։

--00--ԿԿ

Տեսանյութեր