Հայ-ադրբեջանական սահմանի խնդրի լուծման համար գուցե հիմք ընդունվեն 1970-ականների քարտեզները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Քաղաքական

Կարևոր է հասկանալ, որ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբում պահպանվում են բոլոր ժամանակների, այդ թվում՝ ցարական Ռուսաստանի և Խորհրդային Միության ձևավորումից սկսած քարտեզները։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԷԼՄԱ քարտեզագրման նախագծի հեղինակ, գեոդեզիստ-քարտեզագրող Շահեն Շահինյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր դեմարկացիա, դելիմիտացիա իրականացնելու հարցին։

Հոկտեմբերի 21-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում «Վալդայ» քննարկման ակումբի հանդիպմանը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային հարցին, ասել էր, որ ամենակարևորն այս պահին իրավիճակը կարգավորելն է։ «Եվ այստեղ առանց Ռուսաստանի մասնակցության հնարավոր չէ որևէ բան անել։ Ինչո՞ւ, կան շատ պարզ, պրագմատիկ բաներ։ Ռուսական բանակի գլխավոր շտաբում քարտեզներ կան։ Քարտեզներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես էր անցնում սահմանը Միութենական հանրապետությունների միջև Խորհրդային շրջանում։ Ահա, հիմնվելով այդ փաստաթղթերի վրա՝ պետք է հանգիստ նստել երկու կողմից․․․ այնտեղ կան բաներ, որոնք նույնպես փոխադարձ զիջումներ են պահանջում», - նշել էր ՌԴ ղեկավարը։

Պուտինը նաև ասել էր, որ Ռուսաստանը կողմ է, որպեսզի բազմակողմ ձևաչափ գտնվի, այդ թվում՝ ակտիվացնել Մինսկի խմբի ձևաչափը։ Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք, այդ թվում մեր գործընկերների հետ։ Գլխավորը նպատակին հասնելն է՝ անվտանգային իրադրության ստեղծման և հարաբերությունների կառուցման դրական առանցքի վրա։ Դեռևս, ինչը որ մենք դրել ենք մեր առջև իբրև նպատակ, ընդհանուր առմամբ  մեզ հաջողվում է դրան հասնել։

Քարտեզագրող Շահեն Շահինյանի համոզմամբ՝ խոսքը չի գնում 1920-ականների քարտեզների մասին, այլ՝ 1970-ականների։

«Քանի որ ինչպես ցույց են տվել մեր վերլուծությունները, այդ քարտեզներն ավելի ձեռնտու են Հայաստանի և ոչ Ադրբեջանին։ Կան հստակ հետազոտություններ, որ 1925-26 թթ․ Հայաստանի տարածքը եղել է ավելի մեծ՝ ընդհուպ հասնելով 30-31 հազար կմ2, որից հետո անընդհատ փոքրացել է։ Դրա վառ ապացույցը հենց Սովետական հանրագիտարաններն են։ Առաջին խմբագրման մեջ Հայաստանի տարածքը մեծ է, երկրորդի մեջ՝ ավելի փոքր, երրորդում այն տարածքն է, որը որ եղել է Սովետական Հայաստանի վերջին տարիներին՝ 80-ականներին։ Երբ որ նույն ելույթի ժամանակ, որ «պետք է լինեն զիջումներ և տարածքների փոխանակումներ», ամենայն հավանականությամբ խոսքը գնում է 70-ական թվականների քարտեզի մասին։ Իհարկե, վերջնական պատասխաններ ստանալու համար պետք է ուսումնասիրել բոլոր առկա նյութերը», - ընդգծեց նա։

Ըստ Շահինյանի՝ այն քարտեզները, որոնցով հստակ կարելի է այդ հարցը (դեմարկացիայի, դլիմիտացիայի հարցը) պարզաբանել, գաղտնի են։ «Մենք հետազոտություններ անելիս օգտվում ենք այն քարտեզներից, որոնք որ բաց են։ Ուրեմն, արդեն իսկ 1970-ականների քարտեզներով առկա են անկլավային տարածքները։ Եվ դրանից հետո Սովետական հանրագիտարանների երկու խմբագրություններում արդեն իսկ ֆիքսված են»։

Ինչ վերաբերում է անկլավային համարվող տարածքներին ու Սև լճի տարածքին, ապա Շահինյանը նշեց, որ անգամ 70-ականների քարտեզով Սև լճի 10-15 տոկոսն է գտնվում Ադրբեջանի տարածքում։

«Եթե դեմարկացիան, դելիմիտացիան իրականացվեն 70-ականների քարտեզներով և առանց խորը վերլուծության՝ հաշվի չառնելով տնտեսական, իրավական, քաղաքական հետևանքները, դիլետանտի մակարդով իրականացվի՝ կույր նայելով քարտեզներին, ապա երեք «անկլավային տարածք»՝ երկուսը Տավուշում, մեկն՝ Արարատի մարզում կփոխանցվեն Ադրբեջանին, Արծվաշենը կվերադարձվի Հայաստանին, և ինչպես Կապան-Գորիս ճանապարհի մի մասն է անցել ադրբեջանական վերահսկողության տակ, նույն կերպ Նոյեմբերյանից Վրաստանի սահման ճանապարհի մեկ հատվածը պետք է անցնի, քանի որ այդ ճանապարհը մի քանի անգամ հատում է սահմանագիծը», - ասաց քարտեզագրողը։

Ինչ վերաբերում է, թե սահմանազատումն ինչ ազդեցություն կունենա Արցախի տարածքի վրա, ապա քարտեզագրողն ասաց, որ դա կախված է, թե այդ գործողությունների մասով ինչ փաստաթուղթ կստորագրվի։ «Եթե այնտեղ լինի տարածքային ամբողջականության, սահմանների փոխճանաչման մասին, անգամ եթե գնան ավելի առաջ, գրեն՝ տարածքների մակերեսներ, հստակ կոորդինատներ ֆիքսեն, այդ դեպքում կստացվի Արցախի հարցից հետ ենք կանգում։ Սակայն եթե անգամ ստորագրվի նման փաստաթուղթ, որում նշում կարվի, որ սահմանների փոխճանաչումը չի վերաբերում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզին կամ Արցախի Հանրապետությանը, ապա այս դեպքում փաստաթուղթը կարող է չվերաբերել Արցախի հարցին»։

Շահինյանը 24News-ին է տրամադրել վեճի առարկա դարձած տարածքների գծանշումներով քարտեզները։

Քաղաքական
Քաղաքական

Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը ենթադրում է, որ դեմարկացիայի, դելիմիտացիայի համար հիմք կընդունվեն 70-ական թվականների քարտեզները, բայց կարող է նաև 80-ականներին էլ քարտեզներ ստեղված լինեն։

Ըստ պատմաբանի՝ 1920-ականներին քարտեզագրությունն այդքան զարգացած չէր, և սահմաններն այդքան մանրամասն ներկայացված չէին։  

«Ես 70-ականների քարտեզների էլեկտրոնային տարբերակները ժամանակին Ռուսաստանից բերել եմ։ Հայաստանի սահմանների քարտեզները Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի, Նախիջևանի հետ ինձ մոտ կան։ Խոսվում է նաև 1929 թվականի մասին։ Ինչո՞ւ 1929 թվականը, որովհետև 1929 թվականին Ադրեբջանի հետ գյուղերի փոխանակումն ավարտվեց։ Ասենք՝ Ադրբեջանից 3 գյուղ անցան Մեղրիին, Կապանից 21 գյուղեր անցան Ադրբեջանին։ Կամ մինչև 1921 թվականը վիճելի էր այսօրվա Վայոց Ձորի մարզի Հորադիս, Սուլթանբեկ, Կողբի գյուղերը, որովհետև Կարսի պայմանագրով դրանք պետք է անցնեին Նախիջևանին, բայց փաստացի գտնվում էին Հայաստանի կազմում։ Բայց, ի վերջո, 1929 թվականին որոշվեց, որ դրանք մնալու են Հայաստանի կազմում։ Դրա համար շեշտվում է 1929 թվական։ 1929 թվականի քարտեզ կա՞, թե՞ չկա Գլխավոր շտաբում, ես չգիտեմ, բայց հիմքը ընդունում են 1929 թվականը, որովհետև, կրկնում եմ, այդ գյուղերի փոխանակումն ավարտվեց։ Դրանից հետո էլ են եղել սահմանային առանձին փոքր հատվածների, դաշտերի, անտառների փոփոխություն, բայց բնակավայրերի փոփոխություն չի եղել», - եզրափակեց Ամատունի Վիրաբյանը։

Ամատունի Վիրաբյանը 24News-ին է տրամադրել Ռուսաստանի ԶՈՒ ԳՇ-ում առկա 1975 թ․ քարտեզի էլեկտորանային տարբերակից հատվածներ, որոնցում նշված են վեճի առարկա դարձած սահմանային հատվածները։

Քաղաքական

--00--ԿԿ