ՀՀ և ՌԴ միջև ժողովուրդների փոխհարաբերություններ են, որ ունեն վստահության պատմություն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել ռուսաստանյան PБK հեռուստաընկերությանը:

PБK հեռուստաընկերություն- Ինչպես ասում են՝ մենք խորհրդային մարդիկ ենք, իսկ հիմա ինչպիսի՞ն է Հայաստանի երիտասարդության վերաբերմունքը: Օրինակ, գիտեմ, որ Վրաստանում երիտասարդությունը փաստացի չի խոսում ռուսերեն:

- Ես չեմ կարող մեկնաբանել, թե տարբեր երկրներում ինչ վերաբերմունք ունեն ռուսերենի նկատմամբ, քանի որ մենք մուտք ենք գործել նոր աշխարհ, որը շատ ավելի անորոշ է, քան նախկինում: Այս աշխարհում շատ արժեքներ պետք է վերարժևորվեն: Աշխարհ, որտեղ պետք է գտնես ինքդ քեզ, հասկանաս, թե ուր է գնում համաշխարհային շարժումը, ու գալ ճիշտ եզրահանգման: Հայաստանում ռուսերենը շատ հաճախակի է օգտագործվում: Կաբելային հեռուստատեսությունում, որին հետևում է մարդկանց ճնշող մեծամասնությունը, բացարձակ գերիշխող են ռուսական հեռուստաալիքները: Անգամ արևմտյան հետուստաալիքները ռուսերեն են:

Ինչ վերաբերում է անձամբ ինձ, ես մի մարդ եմ, ով, եթե օգտագործեմ Միխայիլ Շվիդկոյի խոսքերը, մշակութապես խորհրդային անձ է: Ես ինձ հիանալի, ինչպես տանն եմ զգում, օրինակ, Ալմաթիում, Տաշքենդում, Թբիլիսիում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում: Ես կանեմ ամեն բան, որ մեր այս ընդհանուր մշակույթը մնա, ապրի ու ծաղկի Հայաստանում, քանի որ սա հիանալի ժառանգություն է, որը երիտասարդներին, գալիք սերնդին կօգնի ավելի լավ հասկանալու աշխարհը, տարածաշրջանը, լինել ինտեգրված: Ըստ էության, սա նաև մեր՝ Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների հիմքն է: Իսկ մեր հարաբերությունները շատ խորն են:

PБK հեռուստաընկերություն- Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո Ռուսաստանում շատերը սկսեցին խոսել այն մասին, որ Հայաստանը բռնել է Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու ուղղությունը՝ շրջվելով դեպի Արևմուտք: Դուք դրա հետ համաձա՞յն եք:

- Կրկին մենք գնում են միջազգային կամ երկկողմ հարաբերությունների անձնավորման ճանապարհով: Ես հայ-ռուսական հարաբերությունները կդիտարկեի ավելի խորը և հիմնարար տեսանկյունից՝ շատ պարզ պատճառով. քաղաքական գործիչները գալիս են ու գնում: Ես ինքս ժամանակավոր եմ՝ 7 տարի: Կարևորն այն է, թե ինչ ես դու ավելացնում այս հարաբերություններին կամ պակասեցնում դրանցից: Հայաստանի ու Ռուսաստանի, հայերի ու ռուսների միջև հարաբերությունները դարերի պատմություն ունեն, դրանք այնքան խորն են, որ ոչ ոք չի կարող դա փոխել, վերաձևափոխել կամ ազդեցություն ունենալ դրանց վրա: Կարծում եմ՝ իրական քաղաքական գործիչները, ովքեր որոշումներ են ընդունում, հիանալի հասկանում են սա: Տվյալ դեպքում ես խոսում եմ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մասին:

Խոսում եք 2018 թվականի մասին... Այո, կային հակաիշխանական ելույթներ, մեծաթիվ մարդիկ էին հրապարակներում, եղել են նաև հակառուսական և այլ հայտարարություններ: Սակայն այստեղ շատ կարևոր է այն, որ մեր բոլոր ընկերներն անհանգստանում էին, զանգահարում: Ինձ՝ որպես երկրի նախագահի, ով քաղաքական առաջնորդ չէ, զանգում էր, օրինակ, Վլադիմիր Պուտինը: Ես նրան բացատրում էի իմ տեսլականը: Զանգահարում էին Նուրսուլթան Նազարբաևը, Ալեքսանդր Լուկաշենկոն, զանգում էին ողջ աշխարհից, և շատ ավելի հաճախ նախկին խորհրդային հանրապետությունների բարեկամները: Ամենահետաքրքիրն այն է, որ այն ժամանակ շատ՝ հիմնականում արևմտյան դիվանագետներ զարմանում էին, որ Ռուսաստանը չի խառնվում Հայաստանի գործերին: Սա հենց ռուսական կողմի և ղեկավարության իմաստնությունն է, քանի որ նրանք այնքան վստահ են մեր պատմական հարաբերությունների խորության ու հարատևության վրա, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների պայմաններում էլ վստահ էին, որ հայ ժողովուրդը որոշ ժամանակ անց, անգամ հակառուսական հայտարարություններ անողները, կհասկանան, թե ինչն է արժեքավոր: Երբ արևմտյան այցերի ժամանակ հանդիպում եմ լրագրողների, քաղաքական գործիչների ու դիվանագետների հետ, հաճախ եմ ասում, որ տեսեք՝ կա վստահություն Հայաստանի և Ռուսաստանի միջև, և դա այնքան խորն է և հիմնարար, որ ոչ մի քաղաքական փոփոխություն, հայտարարություն չի կարող ազդեցություն գործել: Դրա օրինակն այն վստահությունն է, որ Ռուսաստանը ցուցաբերեց Հայաստանի նկատմամբ՝ չխառնվելով երկրի ներքին գործերին: Ժամանակը ցույց տվեց, որ այդ որոշումը բացարձակ ճիշտ էր:

Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ժողովրդի միակ ցանկությունն այսօր այն է, որ հնարավորինս շուտ հրադադար լինի: Նրանց հայացքն ուղղված է դեպի Ռուսաստան, ուղղված է նաև համաշխարհային հանրությանը, սակայն մարդիկ գիտակցում են, որ Ռուսաստանի դերակատարումը շատ մեծ է խնդրի հիմնարար լուծման համար:

PБK հեռուստաընկերություն- Իլհամ Ալիևը մեզ հետ հարցազրույցում ասաց, որ աշխարհում ոչ մի երկիր այնքան կախված չէ Ռուսաստանից, որքան Հայաստանը: Կարծում եմ՝ նա չէր խոսում մշակութային կապերից: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս խոսքերը:

- Իմ գործը չէ մեկնաբանել այլ երկրի նախագահի խոսքերը: Նրա խոսքերը կարող է մեկնաբանել Ադրբեջանի նախագահի մամուլի քարտուղարը կամ վերլուծաբանները, բայց ոչ ես: Սակայն ես կարող եմ ասել, որ աշխարհում և ոչ մի երկիր այնքան կախում չունի Թուրքիայից՝ թե քաղաքականապես, թե տնտեսապես, թե ռազմական տեսանկյունից, ինչպես Ադրբեջանը: Սա արդեն փաստ է:

Հայաստանի և Ռուսաստանի փոխհարաբերությունները ռազմավարական գործընկերային բնույթ ունեն: Դա երկու ժողովուրդների փոխհարաբերություններ են, որոնք ունեն վստահության մեծ պատմություն: Ցավոք, կարող եմ ասել, որ այսօր Թուրքիայի ազդեցությունն Ադրբեջանի վրա հսկայական է, և սա բացասական գործոն է այս պատերազմում: Սա բացասական գործոն է դարձել ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու ճանապարհին:

--00--ԱԹ