Չնայած Էրդողանի լկտիությանը՝ նա կվախենա Հայաստանի հետ բաց առճակատումից. Ստանիսլավ Իվանով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, 24News

Իվանով

24News-ի հարցերին պատասխանում է միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերով փորձագետ, Վրաստանում Ռուսաստանի դեսպանության նախկին ռազմական, ռազմածովային և ռազմաօդային կցորդ Ստանիսլավ Իվանովը:

--Պարոն Իվանով, բոլորին, այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, պարզ է, որ հայ-ադրբեջանական հակամարտության գոտում նոր ռազմական սրացումը ձեռնտու է առաջին հերթին պաշտոնական Բաքվին, հատկապես, եթե հաշվի ենք առնում այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության մարտաշունչ հայտարարությունները։ Ինչու՞ միջազգային հանրությունը հստակ չի նշվում հերթական սրացման շահագրգիռ կողմի անունը։

 - Ինձ թվում է, որ բռնության այս հերթական բռնկումը, ինչպես և բոլոր նախորդները, չեն ծառայում ոչ հայ, ոչ ադրբեջանցի ժողովուրդների, ոչ էլ տարածաշրջանային անվտանգության շահերին։ Արդարացիորեն է նշված՝ այս հերթական սադրանքն ընդամենը Բաքվի ագրեսիվ հռետորաբանության տրամաբանական շարունակությունն է՝ ուղղված Երևանին և Ստեփանակերտին:

-- Թուրքիան, թերևս,  աշխարհի ամենապայթունավտանգ տարածաշրջանում իրեն պահում է, ինչպես «փիղը ափսեների խանութում»։ Ո՞վ է Էրդողանին նման  քարտ-բլանշ տվել։ Եվ ինչու՞ Ռուսաստանը ավելի կոշտ դիրքորոշում չի որդեգրում այն պարագայում, երբ հունական թնջուկում, Սիրիայում, Լիբիայում, Կիպրոսում, Կովկասում Ռուսաստանը և Թուրքիան ունեն իրար խիստ հակասող շահեր։

-Ինձ թվում է, որ փղի հետ համեմատությունը տեղին չէ։ Փիղը՝ իր չափերի բերումով, պատահաբար է աման կոտրում։ Կարծում եմ, որ օրինակն ավելի շուտ վերաբերում է մարդկանց։ Էրդողանն անսկզբունք և խորամանկ քաղաքական գործիչ է, և հանուն քաղաքականության մեջ մնալու՝ ոչնչից չի խորշում, լարախաղացի նման փորձում է հավասարակշռություն պահել։ Ջախջախելով ներքին, այդ թվում՝ զինվորական ընդդիմությունը, նա ձայների ընդամենը մի քանի տոկոս առավելությամբ դարձավ Թուրքիայի նախագահ։ Երկիրը փաստացի մասնատվեց երկու համաչափ մասերի՝ Էրդողանի կողմնակիցների և հակառակորդների։ Եվրամիությունը չի շտապում իր շարքերն ընդունել մարդու իրավունքները ոտնահարող, ավելի ու ավելի «կանաչող» (կանաչը իսլամի գույնն է 10-րդ դարից -խմբ.) Թուրքիան։ Վատացել են հարաբերությունները Վաշինգտոնի և Երուսաղեմի հետ։ Հունաստանը, Կիպրոսը, ասադյան Սիրիան ու Հայաստանն արդեն երկար ժամանակ է՝ Էրդողանի թշնամիներն են։ Աճող միջազգային մեկուսացումն Էրդողանին ստիպում է փնտրել նոր, թեկուզ և ժամանակավոր դաշնակիցներ, ու, բնականաբար, Էրդողանը դիմեց մեկուսացվածության համանման խնդիրներ ունեցող Մոսկվային։ Ռուս-թուրքական մերձեցմանը չխոչընդոտեցին ո’չ թուրքերի կողմից խփված ռուսական ռազմական օդանավը, ո’չ թուրքական հատուկ ծառայությունների կողմից ՌԴ դեսպանի ցուցադրական սպանությունը, ո’չ էլ այն հանգամանքը, որ երկու երկրները Սիրիայի և Լիբիայի հարցում «խրամատների տարբեր կողմերում են»։ Մոսկվան այս ամենի վրա աչք փակեց, հուսալով, որ գոնե մասամբ Անկարային «կպոկի» ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից։ Այստեղ իրենց դերակատարումն ունեցան նաև ռուսական խոշոր պետական կորպորացիաների (Գազպրոմ, Ռոսօբորոնոէկսպորտ, Ռոսատոմ, և այլն), ինչպես նաև թուրք հյուրանոցատերերի, պտուղ-բանջարեղեն արտադրողների (նույն լոլիկի) առևտրային շահերը։

- Իրավիճակի ապակայունացումը Անդրկովկասի (Հարավային Կովկասի) տարածաշրջանում շոշափում է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ՀԱՊԿ-ի կենսական շահերը, և հարցականի տակ է դնում տարածաշրջանի անվտանգության երաշխավորի ՝ Ռուսաստանի պատմական, առարկայական, համընդհանուր ճանաչում ստացած դերակատարությունը։ Գործը հասել են նրան, որ Անդրկովկասում  ռուսական զորախմբերի 102-րդ ռազմաբազայի, ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման, ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգի և ռազմաօդային ուժերի լուրջ ներկայության, ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերի առկայության պայմաններում, Հայաստանում լրջորեն քննարկվում է թուրքական ուժերի կողմից հայ-թուրքական  սահմանը խախտելու հավանականությունը։

-Դատելով ամեն ինչից՝ Կրեմլում կա վստահություն, որ Հայաստանի հարցում Թուրքիան չի անցնի «կարմիր գիծը»։ Չնայած Էրդողանի լկտիությանը, նա, այնուամենայնիվ, վախկոտ է, և կվախենա Հայաստանի հետ բաց առճակատումից։ Մի բան է Բաքվին ռազմական և ռազմաքաղաքական աջակցության ցուցաբերումը, և Ալիևին ղարաբաղյան հարցն ուժով լուծելուն հրահրելը, մեկ այլ բան՝ Հայաստանի վրա հարձակվելը։

- Ինչպե՞ս կգնահատեք ՀԱՊԿ արձագանքը հուլիսյան ռազմական լարվածության պայմաններում։ Արդյո՞ք ՀՀ-ն կարող է հույս դնել կազմակերպության բոլոր անդամ երկրների վրա՝ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում։

-Ինձ համար դժվար է խոսել ՀԱՊԿ անունից։ Հայաստանը կազմակերպության անդամ է, և նրա ներկայացուցիչը պարտավոր է դաշինքի ղեկավարությանը ուղղել այն հարցերը, որոնց պատասխաններն ակնկալում է 24News.am-ը։ Համաձայն եմ, որ նման դեպքերում ՀԱՊԿ ղեկավարությունը որոշումներ ընդունելու դժվարություններ ունի։

- Չե՞ք գտնում, որ Հայաստանի և Արցախի ֆիզիկական գոյությանը սպառնացող 130 միլիոն էթնիկ թուրքերի ագրեսիվ հարևանության պայմաններում Հայաստանը ձեռք է բերել սեփական միջուկային զենք ունենալու բարոյական  իրավունք։ Հատկապես այն բանից հետո, երբ Ադրբեջանի ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը՝ իր երկրի անունից,  սպառնում է հրթիռակոծել Հայկական ԱԷԿ-ը:

- Ձեր հարցը, բնականաբար, կրում է հռետորական բնույթ։ Նույնիսկ առաջատար միջուկային երկրները գնում են իրենց զինանոցները կրճատելու ճանապարհով։ Բացի այդ, գործում է «Միջուկային զենքը չտարածելու մասին» պայմանագիրը, որին միանալու որոշումը ՀՀ Գերագույն խորհուրդն ընդունել է 1991թ. սեպտեմբերի 24-ին` ՀՀ Անկախության հռչակագիրն ընդունելուց երեք օր հետո: Հայաստանի Հանրապետության համար պայմանագիրն ուժի մեջ է մտել, երբ պայմանագրի վավերագրերն ի պահ են տրվել պայմանագրի ավանդապահներ Ռուսաստանին և ԱՄՆ-ին` համապատասխանաբար 1993 թվականի հունիսի 21-ին և 1993թ. հուլիսի 15-ին: 1995թ.` «Միջուկային զենքը չտարածելու մասին պայմանագրի» վերանայմանն ու ժամկետի երկարաձգմանը նվիրված կոնֆերանսի ժամանակ, Հայաստանը սատարեց Պայմանագիրն անժամկետ երկարացնելու մասին որոշումը: Համոզված եմ, որ Հայաստանն ի վիճակի է պաշտպանել իր և Արցախի ժողովրդին, և առանց միջուկային զենքի։ Ընդ որում՝ Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը, Իրանը, Ֆրանսիան և այլ երկրներ թույլ չեն տա հայ ժողովրդի նոր ցեղասպանություն ո՛չ Թուրքիայի, ո՛չ էլ մեկ այլ երկրի կողմից։

Սարգիս Սարգսյան