Երկար ու դժվարին պայքարով հնարավոր կլինի հասնել հակամարտության վերջնական կարգավորմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

նկար

Հոկտեմբերի 23-ին ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում մասնակցել եմ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության ամենամյա ժողովին ու բարեգործական ճաշկերույթին և հանդես եկել հատուկ ուղերձով: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Բարձր եմ գնահատել ընկերակցության տասնամյակների բարեգործական գործունեությունը Արցախում՝ այն համարելով պահանջված ու արդյունավետ հատկապես սոցիալական ու կրթական ոլորտներում: Հանգամանալից ներկայացրել եմ Արցախի ներկա քաղաքական ու մարդասիրական կացությունը, ինչպես նաև ապագային միտված մոտեցումներն ու ծրագրերը:

Ընդգծել եմ Սփյուռքի ծանրակշիռ դերը Արցախի անցյալում՝ համոզմունք հայտնելով, որ ապագա վերականգնման ու զարգացման ուղղությամբ ևս շարունակվելու են համայն հայության միասնական ջանքերը: Սփյուռքից ակնկալիքները ոչ այնքան նյութական են, այլև՝ մարդկային կապիտալի տեսքով, որը կարող է հայրենիքի երկարաժամկետ զարգացման ու զորացման համար լրջագույն հնարավորություններ ստեղծել:

Արցախի ժողովուրդը հաստատակամ է իր սեփական հայրենիքում ապրելու և արարելու հարցում, թեև երկար ու դժվարին պայքարով, սակայն հնարավոր է լինելու հասնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորմանը և Արցախի անկախության միջազգային ճանաչմանը:

Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանչյանն իր ելույթում շեշտադրել է, որ իրենք ընդլայնելու են Արցախում իրականացվող ծրագրերը և հավաքագրված զգալի գումարն ուղղելու են հատկապես սոցիալական ու կրթական կարիքների բավարարմանը»,-ասել նա:

--00—ԼՄ

Տեսանյութեր