Քերոբյանը մասնակցել է «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում» թեմայով քննարկմանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Քերոբյան

Հոկտեմբերի 16-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) Էրազմուս+Կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում իրականացվող եռօրյա աշխատաժողովը, որին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Պանելային քննարկման մոդերատոր, Իտալիայի Տերամոյի համալսարանի միջազգայնացման և համատեղ կրթական ծրագրերի գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Պաոլա Պիտտիան աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրել է ԵՄ երկրների դոկտորական կրթության կազմակերպման փորձը և խոսել ծրագրի շրջանակներում մշակված հայեցակարգի զարգացման առաջնահերթություններից։

Քննարկվել է դոկտորական կրթության ֆինանսավորման աղբյուրների բազմազանեցման հարցը։

Վահան Քերոբյանը ներկայացրել է տնտեսության զարգացման համար առաջնահերթությունները և ընդգծել, որ ակադեմիական համայնքը կարող է և պետք է ակտիվ ներգրավված լինի կառավարության ծրագրերի մշակման, գնահատման և իրականացման գործընթացներում։

«Եթե մենք ուզում ենք, որ տնտեսության մեջ գիտական բաղադրիչը լինի էական, ապա գիտության մեջ ներդրումները պիտի սկսվեն այսօրվանից։ Մեր նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում գիտության ներգրավմանը տնտեսության մեջ։ Կառավարության ծրագրում՝ ի թիվս այլ գործողությունների, առանձնացրել ենք մի միջոցառում, որով նախատեսում ենք մասնավոր ընկերությունների կողմից գիտահետազոտական աշխատանքների ծախսերի փոխհատուցում։ Մենք կարևորում ենք նաև նպատակային ծրագրերի ֆինանսավորումը. այն ծրագրերի, որոնք անհրաժեշտ են պետական կառավարման համակարգին։ Ներկայում չորս գերատեսչություններով փորձում ենք գտնել աշխատանքի շուկա, տնտեսություն և կրթություն կապի առաջնահերթությունները, և թե ինչ մեխանիզմներով հետագայում շուկայում կարող ենք ունենալ որակյալ մասնագետներ»,-նշել է նախարարը։

Վահան Քերոբյանը պատասխանել է նաև ակադեմիական համայնքի հարցերին, քննարկել բարձրագույն կրթության ոլորտում վերջիններիս հուզող բազմաթիվ հարցեր։ ARMDOCT նախագիծը Հայաստանում ֆրանսիական համալսարանի նախաձեռնությունն է, որի հիմքում ընկած է Էրազմուս+ «Եվրոպական ինտեգրացիային համահունչ բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովման համակարգի ներդրում՝ խթանելու հետազոտությունների միջազգայանացումը» (C3QA) նախագծի փորձը և հիմնական արդյունքները։

--00--ԱԹ