Թուրքիայի պատասխանն Իրանին. թուրքական կործանիչները թռիչքներ են կատարել Նախիջևանի երկնքում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Աշխարհ

Թուրքական ազգայնական ուղղվածության «Türkiye gazetesi» պարբերականը անդրադարձել է Նախիջևանում անցկացվելիք թուրք-ադրբեջանական հերթական զորավարժություններին՝ այն դիտարկելով վերջին օրերին խորացող Իրան-Ադրբեջան հարաբերությունների լարվածության համատեքստում: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Ըստ աղբյուրի բնորոշման՝ «Անսասան եղբայրություն 2021» անունով երկկողմ հարձակողական-մարտավարական զորավարժությունը Թուրքիայի և Ադրբեջանի յուրօրինակ պատասխանն է Նախիջևանի սահմանին Իրանի անցկացրած զորավարժություններին:

Հրապարակման համաձայն՝ նախիջևանյան այդ զորավարժության փորձերի ընթացքում թուրքական ռազմական ինքնաթիռները թռիչքներ են կատարել Նախիջևանի երկնքում:

Թուրքական կայքն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ թռիչքները կատարվել են այն ընթացքում, երբ Վրաստանում տեղի էր ունենում Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան պաշտպանության նախարարների հանդիպումը և ստորագրվում ռազմական ու անվտանգային ոլորտներին առնչվող պայմանագրեր։

--00--ԿԿ