Ռուբեն Զարյանը հայրենագիտության մեջ 

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Զարյան

«Ձեռքս գնա, դառնա հող, գիրս մնա հիշատակող»։ 
Սուրբ Մովսես Խորենացի

Հայրենիքը` իրական, ոչ թե վիրտուալ, չի սկսվում օդից, անցնում հողով և ավարտվում ջրով։ Հայրենիքը աբստրակտ մի բան չէ, որ սնվի գաղթածի հեռակա անպետք սիրով կամ ուտելը խմելով նախընտրողի հոտընկայս կենացով։ Հայրենիքը իր վրա ապրող, բայց իրեն չճանաչողի ոտքերի փոշին չէ, և ոչ էլ բեռ է սին երազողի համար։ 

Հայրենիքը հստակ մակերես է, որի կենսատարածքի խորությունը չափվում է իր պատմությամբ, լայնությունը` ստեղծած արժեքներով, իսկ հզորությունը` ունեցած մեծերով։ 

Եվ հայրենասիրությունը հայրենագիտության մեջ է:

Եթե դուրս ենք գալիս երկու տարբեր սեռերի հարաբերություններից, որտեղ սերը վերլուծության չի ենթարկվում, ապա մնացածում պետք է առարկան ճանաչես, որ սիրես, այն հիմնավորված լինի քո մեջ և փոխանցելու միտում ունենա։

Հայաստանը հիմնականում սիրվում է բնության շնորհիվ, ինչը վատ չէ, բայց քիչ է, քանի որ երկիրը հողակտոր չէ, որ տեսարանները աչքերով կուլ տաս, պահես հիշողությանդ արխիվում, պատկերաշարքը մերթընդմերթ շարժի մեջ դնես ու անցնես քո զբաղմունքին, որը բնավ կապ չունի կամ օգտակար չէ քո երկրի համար։

Հայաստանը երկրից անցել է հայրենիքի և վերածվել է պետության, որի մշակութային ու գիտական ֆունդամենտի մի զգալի մասը ստեղծվել է խորհրդային շրջանում։ Այստեղ մենք հանդիպում ենք Սովետական Միության առաջին թատերագետ ակադեմիկոսին` Ռուբեն Զարյանին։

28 տարեկանում Չարենցին «Հայպետհրատ» ֊ ում փոխարինած Զարյանը հանդես է գալիս և՛ որպես հիմնադիր, և՛ որպես մատենագիր։ Նա Շեքսպիրին բերեց Հայաստան և անգլիացի մեծ ու հանճարեղ դրամատուրգի կյանքին ու գործին, ոչ եվրոպական մեր երկրում, ինստիտուցիոնալ ձև ու էություն հաղորդեց։ Զարյանի շեքսպիրականները դրված են համաշխարհային շեքսպիրագիտության հիմքում, և հայերս հենց նրանով կարողացանք այս ուղղությամբ դուրս գալ միջազգային ասպարեզ և հավուր պատշաճի մեր տեղը գրավել ու զբաղեցնել։

Շեքսպիրը անհատակ խորություն ունի, սավառնում է բոլորի և ամեն ինչի վրայով, բաց չի թողնում ոչինչ և անկրկնելի գրչով ու անգերազանցելի մտքով տալիս է կյանք կոչվող հավերժ թատրոնի մարդկային բոլոր գույներն իրենց մեջ խտացնող տարբեր դերասանների մտածելակերպի և հոգեբանության, միջավայրի մթնոլորտի ուրույն` միայն շեքսպիրյան նկարագրություն։ Եվ պետք է համոզված նվիրյալ լինել, որ ոչ միայն լրջության տարբեր հասակներում կարդալ Շեքսպիր, այլև զբաղվել նրա գիտությամբ և կերտել այդտեղ հայկական շառավիղ, թողնել հետք։

Ռուբեն Զարյանը վերակենդացրեց պոլսահայ հանճարեղ դերասան Պետրոս Ադամյանին` իր գրքերի էջերում հավերժացնելով նրա ոչ երկարատև կյանքն ու մեծ խաղարվեստը։ Զարյանը Ադամյանին որպես արժեք վերարտադրեց և հիմնովին թողեց սերունդների համար։

Հղում անելով Քալանթարին՝ ասենք, որ Զարյանն է սիրանուշագիտության հիմնադիրը` դերասանուհի, ում խաղաոճը անվերջանալիորեն փայլուն է ու ուսուցողական։ 

Թե՛ Պետրոս Ադամյանը, թե՛ Սիրանուշը երևույթներն են, որոնք ճառագայթում են մեծությամբ և մեր հպարտության անմար աստղերն են` դեմքեր, որոնց կերտածը Զարյանը ժառանգություն դարձրեց։ Նույնը կարող ենք ասել Վահրամ Փափազյանի մասին` հայ բեմի առյուծի, մեծ հայի, ակադեմիկոսի ավագ ընկերոջ։

Զարյանի գրականագիտական ուղին սկսվեց Խաչատուր Աբովյանով, իր շարունակության մեջ գտավ ու գրկեց Պարույր Սևակին, ստանձնեց Գևորգ Էմինի գրական կնքահայրությունը և հասավ մինչև ոսկե սերնդի երևելիները։

Եվ եթե խոսենք ընդհանրապես, ապա Ռուբեն Զարյանը հավերժացրեց մեծերին, ճանապարհ բացեց խոստումնալիցների առջև, թողեց հարուստ ժառանգություն։ Այստեղ էլ պետք առանձնացնենք երեքհատորյա «Հուշապատում»֊ ը, որը կոթողային նշանակություն ունի, և քառահատոր «Մայրամուտից առաջ»֊ը` իր անպակաս կարևորությամբ։ Այս երկու մատենաշարերը իրար հետ կապված են ժամանակի կամուրջով, և նրանց մեջ Զարյանի էությունը արտացոլվում է ամբողջովին։

«Հուշապատում»֊ ը մի ճանապարհային քարտեզ է, որը մեզ տանում ժամանակների, մթնոլորտների, միջավայրերի միջով, որոնք գլխավոր հերոսներով են պայմանավորված, իսկ «Մայրամուտից առաջ»֊ ը ճանապարհորդության ամփոփումն է։ Այս էջերում մենք հանդիպում ենք և շփվում այն դեմքերի հետ, որոնք հայոց ինքնության սյուներն են և հայկականության զարդերը, հայ երկնակամարի անմար աստղերը։ Իրոք աստղերը։ Եվ ինչպիսի հյութեղ լեզով ու ճշմարիտ իմաստով և դիպուկ նկարագրությամբ ու ընտրված բառակապակցություններով են լցված հատորները։

Այս մատենագրությունները կարդալն ու հասկանալը, քո մեջով անցկացնելն ու մտքում պահելը թույլ է տալիս թե՛ հայ մարդուն, թե՛ օտարին՝ ըմբռնելու մեր ներուժն ու գեղեցկությունը, տեսնելու խորությունն և նայելու վեհությանը, շոշափելու չմեռնողն և իմաստություն ստանալու հավերժից։ 

Զարյանի մոտ չկա վրիպում, բացակայում են բացթողումները, առկա են մանրամասնությունները, հեռու են պաթոսն ու ավելորդ գովաբանությունը, կա ակնածանք, ափսոսանք, գլխավորը անկարևորից տարբերելու հմտություն և սահմանափակ սպիտակ էջի վրա տեղավորվելու վարպետություն։ Աչքը տեսնում է շատերի համար անտեսանելին, ձեռքը գրում է բոլորից տարբերվող ոճով։

Ռուբեն Զարյանի մասին խոսելիս չի կարելի բաց թողնել Ակադեմիայի սահմաններում իր կողմից ստեղծած Արվեստի ինստիտուտը` դարբնոց, որը եղավ արվեստաբանների ձուլարան և մշակույթի գործերի հանրահռչակման աղբյուր։
Փոշին, ոսկու վրա նստելով, չի կարող խեղճացնել նրա փայլը։ 

Զարյանական հետազոտությունները հայրենագիտության շողշողացող և միևնույն ժամանակ խորունկ նյութերից են։ Նրա երակները տարածվում են թատերագիտության, գրականագիտության և արվեստի աշխարհներում, իսկ բովանդակության կենսականությունը ջրում ու կյանք է տալիս մշակույթի դաշտին։ Իրավամբ Զարյանը Խորհրդային Հայաստանի շինարարներից է, որի թողած ժառանգությունը օգտակար ու պիտանի է եկող բոլոր սերունդների համար` մշակույթով վառվող, արվեստով ապրող, թատրոն սիրող, գրականություն կարդացող ու հասկացող և Հայաստանը որպես կյանքի կենտրոն տեսնող։

Խոսքս ավարտում եմ հետևյալով. «Ձեր կյանքը եղել է արտիստական և մշակութային մի մեծ հանրագումար` ինքնատիպ ներդրումներով հայ գրականության մեջ, շեքսպիրագիտական աշխատություններով և գրականության ու թատրոնի երիտասարդ մարդկանց հանդեպ քաջալերանքով։

Ես անձամբ կարող եմ ասել, թե որքան մեծ հաճույք էր ինձ համար ողջունել Ձեզ և Ձեր բարեկամ արվեստագետներին, երբ Դուք այցելեցիք Օտտավա. հույս ունեմ, որ մեր ճանապարհները մի օր նորից կխաչաձևվեն», Յուսուֆ Քարշ, լուսանկարիչ:

Ռուբեն Վարդանյան 
պատմաբան, հրապարակախոս