Քարաշամբ գյուղում կատարված բնակարանային գողությունը բացահայտվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News 

Ամիսներ առաջ մեր թողարկումներից մեկում ներկայացրել էինք, թե Երևանի Մոլդովական փողոցի 36-ամյա մի բնակիչ ինչպես էր Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի մի ամառանոցից հեռուստացույց, կենցաղային իրեր ու գործիքներ գողացել։

Մարտի 17-ին ոստիկանության Նաիրիի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողները տեղեկություններ էին ստացել գողությունը կատարած անձի վերաբերյալ։ Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների փոխգործակցության արդյունքում կասկածյալը Երևանի Թևոսյան փողոցում հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Նաիրիի բաժին։

Գողության փաստով հարուցվեց քրեական գործ։ 36-ամյա տղամարդը կալանավորվեց։
Հետագա միջոցառումներով ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ գողությանը մասնակցել էր նաև Երևանի Խորենացու փողոցի 30-ամյա մի բնակիչ։

Հունիսի 24-ին ոստիկանները Խաղաղ Դոնի փողոցում հայտնաբերեցին կասկածյալին։ Փորձել էր փախչել։ Բայց իրավապահները բռնել էին նրան և բերման ենթարկել ոստիկանության Նաիրիի բաժին։
30-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել։ Նա կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

--00—ՄՀ