Մայրաքաղաքի վարչական շրջաններից հատուկ տարածք է տեղափոխվել 18 ավտոմեքենա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի և մայրաքաղաքը սպասարկող 1-ին սպայական գումարտակի ծառայողները մայիսի 7-ի գիշերը Երևանում իրականացրին ուժեղացված ծառայություն։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Ուշադրության կենտրոնում էին ճանապարհային երթևեկության կանոնները միտումնավոր խախտած ու երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորած վարորդները։

Մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 18 ավտոմեքենա։ Հայտնաբերվեց հետախուզման մեջ գտնվող՝ 6, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 6, թաղանթապատված դիմապակիով՝ 1, վերասարքավորված խլացուցիչով՝ 1, փոխարինված համարանիշերով՝ 2 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվեց ոչ սթափ վիճակում մեքենա վարող 14 անձ, որոնցից երկուսը նաև վարորդական իրավունքի վկայական չուներ։

Ուժեղացված ծառայությունները պարբերական են։ Վարորդներին հորդորում են խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

--00--ԱԹ