Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները ռազմամասնագիտական վերապատրաստման դասընթացներ են անցել

 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News 

քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի միջև համագործակցության շրջանակում համայնքային մի շարք աշխատակիցներ ռազմամասնագիտական վերապատրաստման դասընթացներ են անցել:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ծրագրի այս փուլը փորձնական է: Առաջիկայում երկու կառույցների միջև նախատեսվում է համագործակցության հուշագրի ստորագրում, ինչն էլ հնարավորություն կտա համատեղ ծրագրեր իրականացնել տարբեր ուղղություններով:

Կարևորելով Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունը՝ համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը նշել է, որ նման դասընթացների կազմակերպումը հնարավորություն է տալիս համալրել ռազմական գործին տիրապետող պատրաստված քաղաքացիների շարքը:

«Մենք կարողացանք իրականացնել այն գաղափարը, որն ի սկզբանե դրվել էր և քննարկվել էր քաղաքապետի հետ հանդիպման ժամանակ: Այս համագործակցությունը շարունակական է, և վստահ եմ, որ մենք կընդլայնենք մասնակիցների ցանկն ու դասընթացներին մասնակցելու հնարավորություն կստանան ինչպես քաղաքապետարանի, այնպես էլ վարչական շրջանների աշխատակիցները: Վերջին պատերազմը ցույց տվեց, որ մեր հասարակությունը, հատկապես պաշտոնատար անձինք պետք է պատրաստ լինեն ոչ միայն մասնակցելու, այլև ղեկավարելու մարտական գործողությունները»,- նշել է Խաչատուր Խաչատրյանը:

Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանն իր հերթին նշել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է աջակցել համատեղ ծրագրերի արդյունավետ կյանքի կոչմանը:

«Մենք ոչ թե անցանք խոսքից գործի, այլ գործն արդեն իրականացրել ենք: Երկշաբաթյա դասընթացների արդյունքում մեր աշխատակիցները հնարավորություն ունեցան մարտավարական նոր գիտելիքներ ստանալ, վերհիշել ծառայության ընթացքում ձեռքբերած հմտությունները, ինչպես նաև ծանոթանալ նորագույն տեխնոլոգիաներին: Այս առումով համալսարանն իսկապես տեխնիկական և գիտական մեծ բազա ունի»,- ընդգծել է Սերգեյ Հարությունյանն ու ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ռազմական բուհին՝ համագործակցության համար:

Ռազմամասնագիտական վերապատրաստման դասընթացներն ավարտած Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին հանձնվել են հավաստագրեր:

--00—ՄՀ