Գիշերն ապօրինի ձերբակալություններ են եղել. Նիկոլն ուզում է Սյունիքն «իմպոտենտ» դարձնել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

վահե

Ամբողջ գիշեր Սյունիքում ապօրինի ձերբակալումներ են եղել, մոտ 20-ից ավելի մարդ է բերման ենթարկել։ Այդ մասին «Aysor.am»-ին հայտնել է Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։

«Բոլորին տեղափոխում են Երևան։ Մեծ մասին անհայտ ուղղությամբ են տարել, թույլ չեն տվել ո՛չ փաստաբանի հետ կապ հաստատել, ո՛չ որևէ այլ անձնավորության», - ասել է Վահե Հակոբյանը և ենթադրել, որ Մեղրիի քաղաքապետին էլ տանելու են Քննչական կոմիտե։

«Մխիթար Զաքարյանին փորձելու են 2 ամսով կալանավորել։ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին էլ են տարել, նույնիսկ տեղը չգիտենք։ Մտել են մարդկանց տներ և գիշերով տարել, գործողություններին մասնակցել են ԱԱԾ-ն և ոստիկանությունը՝ հատուկ ջոկատայինների ուղեկցությամբ», - ասել է Հակոբյանը, իսկ Մեղրիի քաղաքապետի հետ պատահածը որակել «կոպիտ ու անգրագետ քաղաքական ռեպրեսիա»։

Վահե Հակոբյանը պնդում է՝ այս ամենն իր դեմ է ուղղված։

«Հիմա իրենք իրենց կարճ խելքով մտածում են, որ ինձ ոչ մի մեղադրանք չեն կարող առաջադրել, մարդկանց են բերման ենթարկում 3 տարի շարունակ՝ հույս ունենալով, որ իմ դեմ ցուցմունք կտան, ինչի հիման վրա էլ ինձ կկալանավորեն։ Եթե ինձ փորձեն ձերբակալել, դա իրենց կյանքում ոչինչ չի փոխի, ոչ էլ՝ իմ», - ասել է Հակոբյանը:

Դիտարկմանը, թե գուցե սպասվող ընտրություններն են պատճառը, և փորձում են իրեն լռեցնել, Վահե Հակոբյանն արձագանքել է․

«Նիկոլն ուզում է այնպես անել, որ Սյունիքը «իմպոտենտ» դառնա, ինչի հետևանքով ինքը շանս կունենա ընտրություններում հաղթելու։ Իրեն դա չի հաջողվելու, որովհետև սյունեցիները հիմա Սյունիքի կռիվ չեն տալիս, սյունեցիներն ամբողջ Հայաստանի համար են պայքարում»։

Սյունիքում նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո իրավապահ մարմիններին հրահանգել էր կոշտ արձագանքել եղածին։ Վարչապետի հրահանգից հետո գիշերը բերման է ենթարկվել Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

--00—ԼՄ