Առաջիկայում ՀՀ-ն Սպուտնիկ-V-ի խմբաքանակ կստանա. պատվաստումների գործընթացը շարունակական է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News 

կորոնավիրուս

Հայաստանում անցած շաբաթ ստացված AstraZeneca ընկերության պատվաստանյութը դեռ մաքսազերծման և բաշխման փուլում է գտնվում: Առաջիկայում ՀՀ-ն կստանա նաև Սպուտնիկ-V-ի նոր խմբաքանակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մենք ուշադրությամբ հետևում ենք և՛ Եվրոպական միության, և՛ Առողջապահական համաշխարհային կազմակերպության վերջնական եզրակացության տրամադրմանը, որն այս երկու օրվա ընթացքում կլինի: Դրանից հետո, ըստ եզրակացության, մենք որոշում կկայացնենք, թե ինչպես և ինչ տարիքային խմբի համար ենք պատվաստումներն իրականացնելու: Մենք շարունակում ենք Սպուտնիկ-V-ով պատվաստումները, սակայն, քանի որ չափաքանակը դեռ քիչ է, պատվաստումներն էլ քիչ են իրականացվում: Առաջիկայում կստանանք Սպուտնիկ-V-ի նոր խմբաքանակ և, իհարկե, պատվաստվողների շրջանակը կմեծացնենք»,- նշեց Ավանեսյանը:

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին միացած բուժկենտրոնների բուժաշխատողների շրջանում կամավորության սկզբունքով կորոնավիրուսի դեմ պատվաստում է իրականացվել Ռուսաստանի նվիրած Սպուտնիկ-V պատվաստանյութերով: Տվյալ պատվաստանյութով ընդհանուր առմամբ պատվաստվել է 600 հոգի: Հայաստանը Ռուսաստանի հետ երկկողմ աշխատանքների արդյունքում նախատեսում է առաջիկայում գնել Սպուտնիկ-V պատվաստանյութը:

Միևնույն ժամանակ մարտի 28-ին Հայաստանի Հանրապետություն է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստանյութի՝ «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ: Այն նախատեսված է ռիսկի խմբերի շրջանում, մասնավորապես՝ բուժաշխատողների, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, քրոնիկ հիվանդների, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցների, կամավորության սկզբունքով, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստելու համար:

«AstraZeneca» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Այն կիրառելի է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց համար: Ամերիկյան FDA-ն, Եվրամիության դեղերի գրանցման գործակալությունը և ԱՀԿ-ն տվել են իրենց եզրակացությունները այս պատվաստանյութի վերաբերյալ: Գրանցված կողմնակի ազդեցությունների ու պատվաստման միջև պատճառահետևանքային կապ չի հայտնաբերվել: Առաջիկայում պատվաստանյութը հասանելի կլինի թե Երևանում, թե ՀՀ մարզերում

 --00—ՄՀ 

Տեսանյութեր

Live

Լրահոս