Մասիսի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News 

․

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը. մարտի 18-ին հերթական դեպքը բացահայտել են ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը, քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Արարատի մարզի Ազատաշեն գյուղից, «ՎԱԶ-2107» մակնիշի իր մեքենայով հանդերձ, ոստիկանության Մասիսի բաժին բերման են ենթարկել Սարդարապատ գյուղի 54-ամյա մի բնակչի:

Ըստ աղբյուրի՝ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է յուրհատուկ հոտով, չորացված, մանրացված կանեփանման զանգված։

Ոստիկանությունից հայտնում են, որ բերման ենթարկվածը նշել է, թե հայտնաբերվածը թմրամիջոց է, պատրաստել է վայրի աճող կանեփի թփերից` իր օգտագործման համար:

Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները պարզվում են և քննությունը շարունակվում է:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00--ԱՀ