Ոստիկանները ծառայության ժամանակ ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

․

Մարտի 26-ին Հրազդանի կիրճում շրջիկ ծառայություն իրականացնող Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ կիրճում կայանված «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի մոտ կանգնած տղամարդիկ թմրամիջոց ունեն։ Համայնքային ոստիկանները, իրացնելով այդ տեղեկությունները, նրանց բռնեցին ու, մեքենայով հանդերձ բերման ենթարկեցին Մաշտոցի բաժին։

Մինչ այդ դեպքի վայրում զննություն կատարվեց։ Հայտնաբերվեցին տարբեր քաշերով սպիտակ փոշենման զանգվածներ ու հաբեր։ Նրանցից 35-ամյա տղամարդը հայտնեց, որ սպիտակ փոշենման զանգվածները «կրիստալ» տեսակի թմրանյութ են։ Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ նա բռնվելուց ժամեր առաջ նաև թմրամիջոց է իրացրել։

Նշանակվել են փորձաքննություններ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 

--00--ԱՀ