Ո՞ր ուժերն են հայտարարել արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News

ընտրություն

Հայաստանում հունիսի 20-ին կանցկացվեն ԱԺ արտահերթ ընտրություններ: Այս մասին մարտի 18-ին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Քաղաքական մի շարք ուժեր արդեն իսկ հայտարարել են ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: 24News-ն ի մի է բերել` այս պահի դրությամբ ո՞ր ուժերն են մասնակցելու արտահերթ ընտրություններին:

ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ իրենց քաղաքական ուժը` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցելու է արտահերթ ընտրություններին:

Խորհրդարանական ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է՝ ԲՀԿ–ն պատրաստ է ընտրություններին բոլոր տիպի ընտրակարգերով՝ թե համամասնական, թե վարկանիշային:

«Լուսավոր Հայաստան»-ը նույնպես հայտարարել է` պատրաստ է մասնակցել ընտրություններին` նշելով, որ Հայաստանում ստեղծված այս իրավիճակին պետք է վերջ դրվի:

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցությունը ևս պատրաստվում է մասնակցել արտահերթ ընտրություններին։ Նրանք չեն բացառել նաև, որ դաշինք կկազմեն:

«Արդար Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որով հայտնում են, որ մասնակցելու են 2020թ. հունիսի 20-ին նախատեսվող խորհրդարանական արտահերթ ընտրություններին՝ դիտարկելով այն քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու, որակապես նոր քաղաքական միջավայր ձևավորելու միջոց, ինչպես նաև Հայաստանի ռազմավարական զարգացմանը միտված հնարավորություն։

«Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը տեղեկացրել է` իրենք մասնակցելու են հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին՝ առանց որևէ դաշինքի, սեփական ցուցակով:

«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը  արտահերթ ընտրություններին մասնակցելու համար  նախաձեռնել է Ազգային Միացյալ Նախաձեռնություն կուսակցության ձևավորումը։

Ընտրություններին կմասնակցի նաև երգիչ Մհեր Արմենիան՝ իր հիմնադրած «Ազգի ձայն» կուսակցությամբ, իսկ մասնակցության ձևաչափը՝ հանդես են գալու սեփական ցուցակո՞վ, թե՞ որևէ դաշինքի կազմում, դեռ հստակ չէ:

«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել է` հավատ չի ներշնչում Ֆեյսբուքյան ստատուսը, թե հունիսի 20-ին ընտրություններ են լինելու, բոլոր հիմքերն ունեն կասկածելու, որ դրանք տեղի կունենան: Սաղաթելյանը տեղեկացրել է` ճգնաժամից դուրս գալու իրենց ճանապարհային քարտեզը մնում է օրակարգում, իրենք շարունակելու են իրենց գործողությունները: Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում մասնակցել արտահերթ ընտրություններին:

Դեռ պաշտոնական հայտարարություն չկա` արդյո՞ք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է արտահերթ ընտրություններին: Երևանում ռուսական լրատվամիջոցների համար կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, սակայն, Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է` կմասնակցի արտահերթ ընտրություններին, համոզմունք հայտնել, որ մասնակցության դեպքում կհաղթի:

--00--ԱԹ