Բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News

հասարակական

Գրիպի համաճարակաբանական հսկողության շրջանակներում փետրվարին վերցված նմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքում շարունակում են հայտնաբերվել են ինչպես ռինովիրուս, ադենովիրուս, այնպես էլ գրիպի Ա տիպի H3N2 ենթատիպի վիրուսներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը.

«Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի պայմաններում հատկապես կարևորվում է սուր շնչառական վարակների, այդ թվում սեզոնային գրիպի կանխարգելումը: Դրա լավագույն և արդյունավետ միջոցը պատվաստումն է, որը հասանելի է և կիրառվում է արդեն տասնյակ տարիներ:

Հիշեցնենք, որ հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով, և ռիսկի խմբի բոլոր անձինք, ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել:

Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անվճար, պետական պատվերի շրջանակներում՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին՝ հղիներ, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, 65 տարեկանից բարձր տարիքի անձինք, շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, բուժաշխատողներ, զինծառայողներ, փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ: Ազգաբնակչության այլ խմբերի համար ևս պատվաստումը հասանելի է»,- ասված է հաղորդագրության մեջ։

--0--ԿԿ