Պայթյուն և փլուզում՝ Հրազդանի շենքերից մեկում․ ժամանել են մարզի և տարածքի ոստիկանապետերը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, 24News

1

Փետրվարի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։30-ի սահմանում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 205 շենքի 1-ին հարկում գտնվող բնակարաններից մեկում պայթյունի ձայն է լսվել, գրում է shamshyan.com-ը:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև Ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զուրաբյանը։

Ըստ նախնական տեղեկության՝ պայթյունը տեղի է ունեցել խոհանոցում տեղադրված գազի վառարանից, որի արդյունքում խոհանոցի միջնապատերը փլուզվել են։ Տուժածներ չկան։

Աղբյուրը նաև հայտնում է, որ բնակարանում ապրում են ամուսիններ, նրանք ննջասենյակում են եղել, երբ տեղի է ունեցել դեպքը։

Դեպքի փաստով ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ 

--00—ԼՄ