ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 23, 24News
Ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներից մեկը Հայաստան ժամանած մի հետախուզվողից փող է հափշտակել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Տեղեկությունների իսկությունը ստուգելու նպատակով՝ ՆԱՎ օպերատիվ ապահովման բաժնի ծառայողների ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել ու հիմնավորվել է, որ հունվարի 8-ին Երևան է ժամանել միջազգային մակարդակով հետախուզվող Իրանի Իսլամական Հանրապետության մի քաղաքացի։ Նա բերման է ենթարկվել ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ու խուզարկվել։
Ի թիվս այլ իրերի՝ հայտնաբերվել է նաև 1200 եվրո։ Փողը փաթեթավորվել է։ Գծային բաժնի քրեական հետախույզը, Իրանի քաղաքացուն քրեակատարողական հիմնարկ տեղափոխելիս, փաթեթավորված գումարից հափշտակել է 400 եվրո։ Դեպքի առթիվ՝ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՔԾ, որտեղ հունվարի 21-ին քրեական գործ է հարուցվել։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
--00--ԱԹ