«Իմ քայլը» խմբակցությունն ընտ­րություններից ստացել է մեկ մանդատ․ Արման Բոշյան․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւՆՎԱՐԻ 23,  24News

Բոշյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը դեպրեսիայի մեջ էր, և ոմանք կանխատեսում էին, որ նա խմբակցությունը լքողների ցուցակում է, և Սոֆյայից հետո հաջորդն ինքն է լինելու, բայց շատ արագ մարեցին այդ խոսակցությունները, մանա­վանդ՝ Բոշյանի կինն էլ աշխատանք ստացավ: Արման Բոշյանը երեկ մեզ հետ զրույցում կրկին հերքեց, որ նման մտադրություն է ունեցել: «Լուրերը անհիմն էին, տեղեկությունն իրականությանը չի համապա­տասխանում, ես շարունակում եմ իմ գործունեությունն Ազգային ժողովում՝ «Իմ քայլը» ֆրակցիայի կազմում»,- ասաց նա:

-Իսկ ինչո՞ւ հենց Ձեր մասով գրվեց, որ հաջորդը Դուք եք լքելու:

-Չեմ կարող ինչ-որ ձևով մեկնա­բանել, որովհետև, ինչպես քիչ առաջ ասացի, տեղեկությունը բա­ցարձակ կապ չունի իրականության հետ:

-Գուցե ներքին քննարկումնե­րում արտահայտվել եք, որ դեմ եք ձեր թիմի վարած քաղաքականությանը ու դրանից են եզրակացրել, որ հնարավոր է՝ դուրս գաք խմբակցությունից։

-Խմբակցությունում քննար­կումներ կան, խմբակցությունում միշտ կա բանավեճ, բայց խմբակցությունը մի մարմին է, խմբակցությունն ունի մեկ մանդատ, և խմբակցությունը շարունակում է իր աշխատանքը, ես էլ այդ խմբակցության կազմում եմ շա­րունակում իմ աշխատանքը:

-Ձեզ գոհացնո՞ւմ է ձեր թիմի կատարած աշխատանքը, վարած քաղաքականությունը հատկապես հետպատերազմյան շրջանում:

-Ես կարծում եմ, որ երկիրը դժվար իրավիճակում է, և մենք պարտա­վոր ենք ավելի արագ և արդյունավետ աշխատելու։ Դա ցանկացած քաղաքական թիմի համար պետք է առաջնահերթություն լինի:

-Ի դեպ, մամուլում գրվեց, որ Ձեր կնոջը պաշտոն են առաջարկել, դրա համար եք մտափոխվել:

-Քանի որ ես ի սկզբանե ասում եմ, որ նման բան չի եղել, այսինքն՝ դա ևս իրականությանը չի համապա­տասխանում:

-Նիկոլ Փաշինյանին այսօր մե­ղադրում են դավաճանության մեջ, վաղը Ձեզ էլ են պիտակավորելու:

-Ես էդ կատեգորիաներով ո՛չ մտա­ծում եմ, ո՛չ էլ էդ կատեգորիաներով քննարկում եմ: Էդ բառամթերքը և էդ ոճի քննարկումներն ինձ համար չեն:

-Լավ, իսկ Ձեր մյուս գործընկերների դուրս գալն ինչպե՞ս եք գնահատում, 5 հոգի լքել է խմբակցությունը:

-Ես դրան ունեմ մեկ պատասխան. «Իմ քայլը» խմբակցությունն ընտ­րությունների ընթացքում ստացել է մեկ մանդատ՝ մեկ օրակարգով, մեկ առաջնահերթությամբ:

-Եվ այդ մեկ մանդատով 88 հոգի անցել է խորհրդարա՞ն:

-Դա քաղաքական ձևակերպումն է՝ մեկ մանդատը, ՀՀ քաղաքացիներն «Իմ քայլը» ֆրակցիային տվել են մեկ մանդատ՝ այդ խնդիրը լուծելու հա­մար:

-Ձեր կուսակցության խոսնակը ձեզ համեմատում է ուսապարկերի հետ, ասում է, որ եթե նույնիսկ Փաշինյանի ուսապարկը մասնակցեր ընտրություններին, ավելի շատ ձայն կհավաքեր, այսինքն, կոպիտ ասած, «այդքան չկայիք, որ ձեր ուժերով գնայիք խորհրդարան»:

-Ես նման ձևակերպումների հետ, իհարկե, չեմ կարող համաձայնել և կարող եմ ասել, որ քաղաքակա­նության հետ բառամթերքը և ձևա­կերպումները շատ ավելի կարևոր են:

-Ո՞ր ձևակերպման հետ համա­ձայն չեք, ուսապարկի՞:

- Ընդհանրապես, նման ձևա­կերպումներով հանդես գալը, նման ձևակերպումները շրջանառելը, իմ կարծիքով, էթիկապես և քաղաքա­կանապես ճիշտ չէ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

  --00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս