Ադրբեջանն ու ՌԴ-ն ստացան ինչ ուզում էին, իսկ վարչապետն արձանագրեց՝ հարցերը մնացին չլուծված

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 11, 24News

Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանն ու Ռուսաստանն այս հանդիպումից ստացան այն, ինչ ուզում էին, իսկ Հայաստանի վարչապետը միայն արձանագրեց, որ իր բարձրացրած երկու խնդիրները՝ Արցախի կարգավիճակի և գերիների փոխանակման հարցը մնացին չլուծված. ենթադրում եմ, որ դրանք նույնիսկ լրջորեն չեն էլ քննարկվել։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Հենակետ» կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։ 

«Երեք ղեկավարների՝ Փաշինյանի, Պուտինի և Ալիևի համատեղ ասուլիսից պարզ դարձավ, որ քննարկման առանցքում ռեգիոնալ տնտեսական հարաբերությունների կարգավորման հարցերն էին՝ կոմունիկացիաների բացում, ենթակառուցվածքներ և միջազգային փոխադրումներ և միայն ընդհանուր բնույթի ձևակերպումներ ռեգիոնալ անվտանգության ու դրա ապահովման մեխանիզմների մասին։

Ու այս ամենն այն պարագայում, երբ այս հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանը ռազմագերիների և զոհվածների մարմինների վերադարձի հարցը որպես նախապայման էր ներկայացնում, որի ամբողջական լուծումից հետո միայն պետք է անցնեին կոմունիկացիաների բացման առարկայական քննարկումներին», - նշել է Աբրահամյանը։ 

--00--ԱՀ