ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հայտնում է, որ գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանի հետ՝ քննարկելու հետպատերազմական շրջանի սոցիալական խնդիրների լուծման գործընթացում սփյուռքի մասնագիտական ներգրավվածության հարցը:
«Քննարկումը ծավալվեց հետևյալ ուղղություններով.
1. սփյուռքահայ մասնագետների ներգրավում աջակցելու համար տեղացի մասնագետներին էրգոթերապիայի, վերականգնող և ֆիզիկական թերապիաների ընթացքում,
2. աջակցություն տեղացի մասնագետներին պրոտեզավորման ժամանակակից տեխնոլոգիաների գծով (ինչպես ուսուցում, այնպես էլ պրոտեզավորման գործընթաց),
3. հոգեբանական աջակցություն և ոլորտային փորձի փոխանակում սփյուռքի և Հայաստանի համապատասխան մասնագետների միջև,
4. Արցախում աշխատավայրերի ստեղծում, և թե ինչպես սփյուռքի մեր հայրենակիցները կարող են աջակցել նոր ներդրումներին և բարեգործական նախաձեռնություններին:
«Եթե Դուք սփյուռքահայ եք և վերոնշյալ ոլորտներից որևէ մեկում ներգրավված եք, խնդրում ենք գրել մեզ [email protected] էլեկտրոնային հասցեին՝ ներկայացնելով Ձեր փորձը և վկայականները»,-նշված է հաղորդագրությունում:
--00—ԼՄ