ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Թուրքիան՝ որպես Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի գլխավոր հրահրիչ և ոգեշնչող այսօր էլ շարունակում է վարել տարածաշրջանի համար կործանարար քաղաքականություն: Այս մասին այսօր Մոսկվայում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը:
«Դա պարտավորեցնում է միջազգային հանրությանը գործի դնել բոլոր հնարավոր լծակները` ստիպելու համար Թուրքիային զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են էլ ավելի սրել լարվածությունը: Թուրքիան պետք է դուրս բերի իր զինված ուժերի անձնակազմը և նրա հետ փոխկապակցված զինյալ ահաբեկչական խմբավորումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց և ընդհանրապես Հարավային Կովկասից»,- նշեց նա:
Այվազյանը հավելեց, որ դեռևս չկան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների դուրսբերման հստակ ազդակներ, այլ հակառակը՝ առկա են հավաստի տեղեկություններ այն մասին, որ Ադրբեջանը ծրագրում է ընդլայնել զինյալ ահաբեկիչների և վարձկանների տարածման աշխարհագրությունը և նրանցով վերաբնակեցնել Արցախի օկուպացված շրջանները:
Լրագրողներն Այվազյանին խնդրեցին մեկնաբանել իր թուրք պաշտոնակցի՝ Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը, թե ԼՂ հարցով եռակողմ համաձայնությունը Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հնարավորություն է ստեղծում:
«Ես ոչ թե պատրաստվում եմ մեկնաբանել Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքերը, այլ հիշեցնել այդ երկրի գործողությունները»,- ասաց Այվազյանը:
Նա հիշեցրեց՝ ՀՀ-ում և Սփյուռքում բնակվող հայերի մեծամասնությունը 20-րդ դարի առաջին՝ Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության զոհերի ժառանգներն են:
«Մենք պատմական հիշողություն ունենք»,- նշեց նա:
Այվազյանը հիշեցրեց՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու փորձի պատասխանը շրջափակումը եղավ, Թուրքիան առանցքային դեր է խաղացել Արցախի դեմ պատերազմի սանձազերծման հարցում, սպառնացել է Հայաստանին:
«Իհարկե, բոլորս ուզում ենք ապրել խաղաղության մեջ, բայց դրա համար նախ պետք է Անկարան պետք է վերականգնի իր վստահությունը: Մենք դեռ կգնահատենք՝ որքանով էին անկեղծ Անկարայի խոսքերը Հարավային Կովկասում նոր դարաշրջանի վերաբերյալ»,- ասաց Այվազյանը:
--00--ԱԹ