Պետք է շարունակել ԼՂ հարցով առարկայական բանակցությունները. ԵԱՀԿ նախագահ

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3,  24News    

Ռամա

ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում ԵԱՀԿ նախագահող երկրի՝ Ալբանիայի վարչապետ և արտգործնախարար Էդի Ռաման բացման խոսքում անդրադարձել է նաև Արցախի հարցին: «Լեռնային Ղարաբաղում ծավալվեցին արյունալի իրադարձություններ, որոնց պատճառով եղան մարդկային զոհեր: Մարտական գործողություններն այժմ դադարեցվել են: Այժմ ժամանակն է իրագործելու ստանձնած պարտավորությունները: Ես իմ լիարժեք աջակցությունն եմ հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում իրականացվող նախաձեռնություններին, որոնք ուղղված կլինեն բանակցային գործընթացի վերսկսմանը: Այժմ պետք է շարունակել առարկայական բանակցությունները՝ հավատով, որ ձեռք կբերվի պայմանավորվածություն՝ հակամարտության համակողմանի, երկարատև և խաղաղ կարգավորման համար»,- 1lurer.am-ի հաղորդմամբ՝ ասել է Ռաման: 

Հիշեցնենք, որ այսօր է Ալբանիայի նախագահությամբ մեկնարկել է ԵԱՀԿ անդամ 57 երկրի արտգործնախարարների խորհրդի երկօրյա հանդիպումը:

Նիստը նախատեսվում էր անցկացնել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, սակայն COVID-19-ի համավարակի պատճառով այն կազմակերպվում է առցանց: 

Դեկտեմբերի 3-ին և 4-ին նախարարները կքննարկեն ԵԱՀԿ տարածքում անվտանգության հարցեր, այդ թվում նաև՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Նախատեսված է նաև Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանի ելույթը: 

 --00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս