ԵԱՀԿ-ն հստակ չի արձագանքում մարդու իրավունքների և միջազգային հիմնարար սկզբունքների խախտումներին․ ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

գեղամ ստեփանյան

Ապրիլի 1-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Երևանում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջից։

Պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից համակարգված, ուղղորդված և հետևողականորեն իրականացվող էթնիկ զտման քաղաքականությունը, որը նպատակ է հետապնդում հայրենազրկելու Արցախի ժողովրդին, ինչպես նաև բռնազավթված տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և վանդալիզմի դրսևորումները, հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց նկատմամբ անօրինական դատավարությունները և միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների այլ խախտումները։

Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է Արցախում առկա հումանիտար իրավիճակին և Ադրբեջանի կողմից վարվող հայատյաց քաղաքականության հետևանքով Արցախի ժողովրդի իրավունքների լայնածավալ խախտումներին՝ մատնանշելով վերջին օրերին գազամատակարարման դիտավորյալ խափանման և Ադրբեջանի ռազմական ագրեսիայի պատճառով առաջացած խնդիրները։

Պաշտպանն ափսոսանք է հայտնել մարդու իրավունքների և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների արձանագրվող խախտումների նկատմամբ ԵԱՀԿ-ի հստակ և հասցեական արձագանքի բացակայության առթիվ՝ շեշտելով, որ ստեղծված իրավիճակում միջազգային հանրությունը պետք է հանդես գա ոչ միայն որպես միջնորդ, այլև որպես Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության երաշխավոր։

Գեղամ Ստեփանյանը նշել է, որ վերջին զարգացումները վկայում են, որ Արցախում մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանության համար անհրաժեշտ է հակամարտության շուտափույթ և համապարփակ կարգավորում և Արցախի կարգավիճակի հարցի որոշում՝ հիմնված Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության և ինքնորոշման իրավունքի վրա։

--00--ԱՀ