Եվրոպական երկրները ևս պատժվելու են ահաբեկիչների համար. պատիժը կլինի իրական կյանքում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

արմեն

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել «Ուկրաինա 24»-ին, որի շրջանակում անդրադարձել է նաև Արցախի դեմ մարտերում Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ վարձկան-ահաբեկիչների ներգրավման փաստերին:

Թեմային առնչվող որոշ հատվածները ներկայացնում ենք ստորև:

Ուկրաինա 24- Հայաստանի պաշտպանության նախարարությունը մի քանի անգամ հայտարարել է, որ Ադրբեջանում կան սիրիացի վարձկաններ: Նման հայտարարություններ պարբերաբար արվում են, չնայած Ադրբեջանում ու Թուրքիայում հերքում են երրորդ երկրներից զինյալներ վարձելու փաստը: Այսօր կա՞ հաստատում, որ Ղարաբաղում հակառակ կողմից նման ուժեր՝ ահաբեկիչներ, զինյալներ են օգտագործվում:

- Մենք իզուր ժամանակ ենք կորցնում՝ խոսելով այս մասին, քանի որ նրանք իրականում կան: Դա փաստ է, երևում է արբանյակային ալիքներով, երևում է, թե ինչպես են նրանց տեղափոխել այստեղ: Բացի դրանից՝ շատ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունը, արտաքին հետախուզության ղեկավարի ու արտգործնախարարության մակարդակով հաստատել են սա: Էլ չեմ խոսում այլ երկրների մասին: Սա այլևս ոչ ոք չի քննարկում: Եվրոպայում բոլորը գիտեն, որ նրանք կան: Սակայն սրանք հասարակ ահաբեկիչներ չեն: Սրանք ծայրահեղականներ են, մարդիկ, ովքեր պատկանում են կազմակերպությունների, որոնք բացարձակ արգելված են թե՛ Եվրոպայում, թե՛ Ռուսաստանում, ամենուր: Թուրքիան է այս մարդկանց բերել: Թուրքիան ֆինանսավորում է այս կազմակերպությունները, վերապատրաստում նրանց Սիրիայում: Սա հայտնի փաստ է:

Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ կային անհատներ՝ մոջահեդներ, օրինակ, Աֆղանստանից կամ Պակիստանից: Տվյալ դեպքում սա կազմակերպված է՝ պետության մակարդակով: Սա կոչվում է պետական ահաբեկչություն կամ ահաբեկչություն՝ կազմակերպված պետության կողմից: Ըստ էության, սա առաջին դեպքը չէ: Նույն այս ահաբեկիչներն էին նաև Սիրիայում, Լիբիայում, Եգիպտոսում, իսկ վաղը նրանք կարող են հայտնվել նաև Եվրոպայում:

Ուկրաինա 24- Եթե միջազգային հանրությունը, ինչպես ասում եք, միանշանակ հասկանում է սա, թեպետ միշտ չէ, որ ուղիղ խոսում է սրա մասին, վաղ, թե ուշ որևէ պատասխանատվություն, պատիժ պե՞տք է լինի նմանօրինակ գործողությունների համար: Ինչպիսի՞ն պետք է լինի այդ պատիժը՝ համաձայն միջազգային օրենսդրության և միջազգային իրավունքի նորմերի:

- Ես միջազգային դատարանի դատավոր չեմ, սակայն կարծում եմ, որ պատիժը կլինի իրական կյանքում, քանի որ ոչինչ անպատիժ չի մնում: Ցավոք, եվրոպական երկրները ևս պատժվելու են, քանի որ սա ահաբեկչություն է, ինչպես կազմակերպված ահաբեկչությունն Աֆղանստանից հայտնվեց Եվրոպայում, ապա ԱՄՆ-ում, և տեղի ունեցավ այն, ինչ եղավ: Այս ահաբեկչությունը ևս կհայտնվի այնտեղ: Պատիժը լինելու է ոչ միջազգային դատարանի ձևով: Երկիրը, որն այս ամենը կազմակերպում է, ևս պատիժ կկրի: Թուրքիան կարծում է՝ իրեն ամեն բան թույլատրվում է՝ տեղափոխել ահաբեկիչների, ստեղծել փախստականներ, ճնշել Եվրոպային այդ փախստականներով, էներգետիկայով, ստեղծել անկայունության օջախներ: Սա բացարձակ չսահմանափակված օպորտունիզմ է: Կարծում եմ՝ ի վերջո սա վատ վախճան է ունենալու: Բայց, ցավոք, Ղարաբաղի հայերը դարձան թուրքական այս քաղաքականության զոհը: Այս առումով հայերը Ղարաբաղում կռվում են ոչ միայն իրենց անկախության, արժեքների, ժառանգության, մշակույթի, հավատքի համար, այլև կանգնեցնելու այն, ինչը շարժվում է նաև Եվրոպայի ուղղությամբ, այն մեծ ռիսկերը, որոնք գնում են Եվրոպայի ուղղությամբ:

Ուկրաինա 24- Այդ ռիսկերի հաստատումն էին վերջին ողբերգական իրադարձությունները մի շարք եվրոպական երկրներում: Ուզում եմ Ձեզ հարց ուղղել ղարաբաղյան խնդրում կրոնի գործոնի մասին: Այս հակամարտության պատմությունն ունի նաև մշակութային-հոգևոր արմատներ: Որքանո՞վ են իրատեսական այն մտավախությունները, թե մոտ հեռանկարում տարածաշրջանը, հոռետեսական սցենարների զարգացման պարագայում, կարող է դառնալ գլոբալ քրիստոնյա-մուսուլմանական հակամարտության կենտրոն:

- Դա չի կարող լինել, քանի որ սա կրոնական պատերազմ չէ: Այլ հարց է, որ նախագահ Էրդողանն ինքն իրեն հայտարարում է և ուզում է դառնալ բոլոր թյուրքալեզու ժողովուրդների առաջնորդ: Թե ինչպես կարող է այս անախրոնիզմն աշխատել 21-րդ դարում, դեռ կտեսնենք: Թուրքիան ոչ մի պարագայում չի ներկայացնում իսլամական աշխարհը: Իսլամական երկրների մեծ մասն ապրել է Օսմանյան կայսրության կազմում և, ըստ էության, լավ գիտի, թե դա ինչ է: Տեսեք, թե ինչ վերաբերմունք ունեն Թուրքիայի նկատմամբ Պարսից ծոցում, այլ արաբական երկրներում՝ Եգիպտոսից մինչև Սաուդյան Արաբիա: Ոչ մի դեպքում սա կրոնական պատերազմ չէ: Այլ հարց է՝ պաշտպանել քրիստոնեական ժառանգությունը, քանի որ առաջինը, ինչ անում են թուրքերը, եկեղեցին ռմբակոծելն է: Ոչ թե որ ուժեղ մուսուլմաններ են, կամ սա կրոնական պատերազմ է, այլ՝ որովհետև գիտեն, որ այն շատ թանկ է հայերի համար: Բացի այդ, գիտեն, որ այնտեղ ապաստանում են երեխաներն ու տարեցները: Ահա այս հակամարտության բարոյական կողմը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ:

--00—ԼՄ