ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Լոս Անջելեսում կայացած Armenia Aid դրամահավաքի արդյունքում հայտարարվեց 30.5 միլիոն դոլարի հասույթ, որն ի վերջո ուղղվելու է Լոս Անջելեսում տեղակայված Armenia Fund-ի բանկային հաշիվներին։ Այս մասին հայտնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագահ Հայկակ Արշամյանը։
«Հետագայում տարակարծություններից խուսափելու համար, խնդրում եմ հաշվի առնել, որ այդ թիվը ներառում է այդ պահին հավաքված կանխիկ դրամական միջոցները, արժեթղթերը, բանկային չեկերը, բանկային փոխանցումները, առցանց վճարումները և ամենակարևորը՝ խոստումները:
Վերջիններս կարող են և ամբողջությամբ չնյութականացվել ու այդպես էլ մնալ խոստում։ Արդյունքները կամփոփվեն մոտակա օրերին,և միայն դրանից հետո կավելացվեն www.himnadram.org կայքի հաշվիչում»,- նշել է նա։
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։
--00—ՄՀ