«Միասին հաղթահարենք համաճարակը» դրամահավաքով հավաքագրվել է 420 հազար դոլար. Արշամյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

հասարակական

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Դեռևս մարտի սկզբին «Հայաստան» համահայկական հիմնադրամը, ահագնացող համավարակի հետ կապված, նախաձեռնել է «Միասին հաղթահարենք համաճարակը» անվանումով հատուկ դրամահավաք-արշավ, որի նպատակն է արագ հանգանակություններ կազմակերպել համահայկական ցանցի բոլոր հնարավոր գործիքներով և նեցուկ կանգնել երկրի վերակազմակերպվող առողջապահական համակարգին։ Նախապես դրել էինք 200 հազար դոլարի շեմը։

Այսօր ուրախությամբ հայտնում եմ, որ ոչ միայն վաղուց հատել ենք այն, այլև՝ կրկնապատկել։ Այս պահին արդեն հավաքագրվել է 420 հազար ԱՄՆ դոլար, որից շուրջ 250 հազարն արդեն իսկ օգտագործվել է մեծածավալ բժշկական պարագաներ ու սարքավորումներ ձեռք բերելու, կարիքավոր ծերերին սնունդ մատակարարելու, բազմաթիվ հայրենակիցների Հայաստան հասցնելու համար։ Ծրագրի ավարտին կհրապարակվի մանրամասն հաշվետվություն։

Միևնույն ժամանակ արտերկրից ստացել ենք մեծածավալ նվիրատվություններ ապրանքի տեսքով, որոնք փոխանցվել են առողջապահության նախարարությանը։ Դրամահավաք-արշավի ընթացքում շարունակում է ընդլայնվել նաև մեր համահայկական ցանցը, ստեղծվում են նոր համագործակցություններ թե՛ Հայաստանի և թե՛ Սփյուռքի տարբեր կազմակերպությունների հետ։

Հիմնադրամի առցանց դրամահավաքի գործիքն էլ ավելի կատարելագործվեց՝ հատկապես ավտոմատացված, միջազգային չափանիշներին համապատասխան ամսական ստացականների առումով, որոնք կսկսվեն ուղարկվել մեր բոլոր նվիրատուներին այս ամսից։ Շատ կարևոր և անհրաժեշտ էր նաև PayPal համակարգի ինտեգրումը առցանց վճարային համակարգին, ինչը կբարձրացնի այդ համակարգի նկատմամբ վստահությունը ողջ աշխարհում։ Դրամահավաք արշավը շարունակական է և կտևի մինչև համաճարակի վերջնական հաղթահարումը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նվիրատուներին, կազմակերպություններին, Հիմնադրամի ողջ ցանցին, մեր բոլոր գործընկերներին, և հատկապես մեր ողջ թիմին նվիրված աշխատանքի համար»,- նշված է գրառման մեջ։

Նվիրատվությունները կարելի է կատարել հիմնադրամի կայքի հիմնական էջում՝ www.himnadram.org հասցեով։

--0-- ՍՊ