«Արարատյան մաքսատուն-վարչության» հատուկ պահպանվող տարածքում թալանել են BMW X5-ը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, 24News 

հասարակական

Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում «Արարատյան մաքսատուն-վարչության» վարչական տարածքում գտնվող ավտոկայանատեղիում կատարված խոշոր չափի գողության փաստով, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Երևանի բնակիչ Արմեն Գրիգորյանը, 2 օր առաջ այցելելով նշված մաքսատուն, ականատես է եղել, որ մոտ 1 տարի առաջ նշված մաքսատան ավտոկայանատեղիում կայանված, իրեն պատկանող BMW X5 մակնիշի QF 460 FQ վրացական համարանիշներով ավտոմեքենան թալանված է։

Աղբյուրի տեղեկություններով՝ Ա. Գրիգորյանին պատճառվել է մոտ 1800 ԱՄն դոլարի վնաս, քանի որ կոտրել են ապակին, հափշտակել ձայնարկիչը, հետևի լուսարձակները, ու այդ ամենը ոչ ավել, ոչ պակաս՝ հատուկ պահպանվող տարածքից։ Քաղաքացին չգիտի՝ ով պետք է փոխհատուցի վնասը, բայց այս դեպքը կարելի է դասել «գողը, եթե տանից չլինի, եզը երդիկով չեն հանի» կամ «աչքդ թեքում ես, բանիտ տերը չես» շարքին։

Աղբյուրի հայտնում է, որ մաքսատունը 1 տարուց ավելի անհիմն, առանց լուրջ հիմնավորումների, մեքենան արգելանքի տակ է դրել՝ պատճառաբանելով, որ այն վարել է Ա. Գրիգորյանի կինը։ 

--0--ԿԿ