Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 24, 24News

ադրբեջան

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 23-ին կառավարության նիստի ժամանակ հնչեցրած հայտարարությանը, գրում է «ԱՊԱ» գործակալությունը:

Խոսնակը հայտարարել է, որ ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը հերթական հարվածն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ընթացող բանակցություններին, և որ այդ կերպ Հայաստանը ցանկանում է կանգնեցնել բանակցային գործընթացն ու հանդես է գալիս դրա ձևաչափը փոխելու պահանջով, սակայն ձևաչափը չի կարող փոխվել:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 23-ի՝ կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր, որ Ադրբեջանի բոլոր հարձակումները վճռականորեն հետ մղվեցին, և հայկական կողմն առավել քան ամրացրեց իր դիրքերը սահմանագծում։

«Ադրբեջանական այն միֆը, թե նրա բանակը կարող է հաղթել հայկական բանակին, և հետևաբար Հայաստանը և Արցախը պետք է զիջումների գնան, հօդս ցնդեցին։ Մենք երկար ժամանակ Ադրբեջանին հորդորում էինք՝ չփորձել մեզ հետ խոսել ուժի դիրքերից, ուժի լեզվով և սպառնալիքներով։ Եվ հիմա կարող ենք ասել, որ ՀՀ-ն ոչ միայն մերժեց ուժի սպառնալիքը դիվանագիտական սեղանի շուրջ, այլև մարտի դաշտում ցույց տվեց, որ դրանք անհիմն են և չեն արտացոլում ուժերի իրական հարաբերակցությունը»,- նշել է Փաշինյանը։

--00—ԼՄ