Րաֆֆի Հովհաննիսյանը ԵԺԿ-ում անդրադարձել է Արցախի խնդրին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 18, 24News  

Րաֆֆի Հովհաննիսյան

Հունիսի 17-ին Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար եւ «Ժառանգություն» կուսակցության համահիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության Արեւելյան գործընկերության առաջնորդների 7-րդ հանդիպմանը:

ԵԺԿ ղեկավար Դոնալդ Տուսկի նախագահությամբ` ժողովում ընդգրկված էին Եվրամիության, ինչպես նաեւ եվրոպական գործընկեր երկրների քույր կուսակցությունների առաջնորդներ, այդ թվում` Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Լատվիայի եւ Խորվաթիայի վարչապետները եւ Արեւելյան գործընկերության հրավիրյալներ Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից եւ Ուկրաինայից: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ներկայացնում էր նրա նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանդիպմանը «Ժառանգությունը» ներկայացնող Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթով` անդրադառնալով ԵՄ-ի եւ նրա արեւելյան գործընկերների միջեւ անվտանգության եւ արդյունավետ կառավարման հարթություններում համագործակցության ամրապնդմանը, Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, տարածաշրջանային  եւ աշխարհաքաղաքական մարտահրավերներին:

Առկա լարված իրավիճակի հենքին Հովհաննիսյանը կոչ է արել ավելի ողջամիտ, անաչառ եւ իրավունքի վրա խարսխված եվրոպական մոտեցում ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հակամարտության կարգավորման նկատմամբ եւ ընդգծեց խնդրի խաղաղ ու արդարացի լուծման անհրաժեշտությունը, որը հիմնված կլինի Արցախի ինքնորոշման, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ միջազգային ճանաչման հայեցակարգի վրա:    --0—ՄՀ