ԱԱԾ-ն մեծ «շուքով» Վերմիշյանի գործին ընթացք տվեց,բայց «սայլը տեղից չի շարժվում.«Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News   

վերմիշյան

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը գրությամբ դիմել է Ազգային անվտանգության ծառայությանը՝ խնդրելով իրեն տեղեկություն տրամադրել, թե ովքեր են այն 6 անձինք, որոնց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով:

Անի Սամսոնյանից «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել, թե արդյոք իրեն հաջողվել է պարզել այն անձանց անունները, ովքեր Վերմիշյանի գործով անցնում են:

Պատգամավորը մեզ փոխանցեց, որ ինքը ԱԱԾ-ից պաշտոնապես տեղեկություն է ստացել, թե քննության շահերից ելնելով՝ որեւէ տեղեկություն չեն կարող տրամադրել: Իսկ իշխանական շատ պատգամավորներ մեզ հետ մասնավոր զրույցներում նշում են, որ ԱԱԾ-ն չնայած մեծ «շուքով» գործին ընթացք է տվել, սակայն որեւէ բան չի արվում, իսկ այդ մարդիկ շարունակում են մնալ կալանքի տակ:

Նշենք, որ այս գործով կալանավորվել էր Քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը, ում նկատմամբ գրավ է կիրառվել: Իսկ Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանը, ով նաեւ Շինարարների միության նախագահն է, այժմ գտնվում է կալանքի տակ ԱԱԾ «պադվալում», ինչը, կարելի է ասել, իշխանությունների ներկայացուցիչների շատերի սրտով չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում