Վահագն Վերմիշյանին կալանավորելու մասին որոշումը բողոքարկվել է

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News   

Վերմիշյան

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին կալանավորելու մասին որոշումը բողոքարկվել է։ Այդ մասին 24News-ին տեղեկացրեց Վերմիշյանի պաշտպան  Մուշեղ Առաքելյանը։ 

Փաստաբանը հայտնեց նաև, որ Վահագն Վերմիշյանը չի ընդունում իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը։ Գրավ կիրառելու մասին միջնորդություն է ներկայացվել՝ գրավի չափը թողնելով դատարանի հայեցողությանը։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ի վաղ առավոտից ԱԱԾ աշխատակիցներն օպերատիվ գործողություններ էին իրականացրել Վահագն Վերմիշյանի աշխատասենյակում, ապա նրա հետ միասին հեռացել շենքից: ԱԱԾ-ն հայտարարել էր, որ Վերմիշյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար, և խոստովանել ենթադրյալ հանցագործությունը։

ԱԱԾ հաղորդագրության մեջ նշվում էր, որ, շինարակական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով Վերմիշյանը 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1 միլիոնից 2,5 միլիոն ՀՀ դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք էր ստացել և դրա դիմաց 2019 թ. ընթացքում կաշառքը փոխանցողների օգտին կատարել էր գործողություններ կամ նպաստել ցանկալի որոշումների արագ կայացմանն ու տրամադրմանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք նաև, որ Վահագն Վերմիշյանից բացի սույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձի, որոնցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով։