Փաշինյանը սեփական օգտագործման «Յաշմա» ունի, որով ահաբեկում է ժողովրդին․ Սուրենյանց

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News

Տավուշի հարցը միայն տավուշցիներին չի վերաբերվում, որ Փաշինյանը գնում է և նրանց համոզում, այդ հարցի բանալին Երևանում է։ Փաշինյանն իր օրակարգից չի հրաժարվում, ուզում է այլընտրանքային ճանապարհ կառուցել, իր հարյուր տոկոսանոց պնդումները նույնիսկ հիմք չեն հավատալու, որ նա այդ տարածքները ոչ թե տալու, այլ փոխանակելու է։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Քաղաքագետի համոզմամբ, երբ ասում են, որ պետք է սահմանազատման հանձնաժողովում ոսկեպարցիներին ներգրավել, դա պոպուլիզմ է, այդ կերպ ուզում են ոսկեպարցիներին գործընթացի պատասխանատու դարձնել։

Սուրենյանցը, խոսելով երթուղայինում պատգամավոր Հակոբ Ասլանյանի և երիտասարդի միջև վեճի մասին, որից հետո երիտասարդը ձերբակալվել է և խոշտանգման ենթարկվել, նշեց, որ դա Փաշինյանի կողմից է հրահանգված եղել.

«Խուլիգանության մեջ իրավունք չունի մեղադրել մի իշխանություն, որը բաղկացած  է թքող, ականջ կտրող խուլիգաններից։ Երրորդ Հանրապետության պատմության մեջ նման բան չի եղել, որ ոստիկանները տանեն, ճանապարհին կանգնեն ու դիմակավորված անձիք ծեծեն, առանց Փաշինյանի գիտության չէր կարող նման բան լինել, նա իր բանդային քսի է տվել երիտասարդի վրա։ Փաշինյանը սեփական օգտագործման «Յաշմա» ունի, որով ահաբեկում է ժողովրդին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան