Հայ կին մրցավարն առաջին անգամ մասնակցել է բասկետբոլի ՖԻԲԱ Եվրոպայի մրցավարական ճամբարին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

gg

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մրցավարներից Թամարա Հարությունյանը մասնակցել է ՖԻԲԱ Եվրոպայի մրցավարական ճամբարին։ Այդ մասին հայտնում է ՀԲՖ մամուլի քարտուղարությունը:

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացված Մ20 տարեկանների տղամարդկանց մրցաշարին զուգահեռ ՖԻԲԱ-ի Եվրոպայի մրցավարական բաժինը կազմակերպել էր մրցավարների ճամբար, որին առաջին անգամ մասնակցել է հայ կին մրցավար։

ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում Թամարա Հարությունյանը խոսել է իր մասնակցության մասին։

«Ծրագիրը շատ հագեցած էր. բացի դասախոսություններից և գործնական մրցավարությունից, բոլոր մասնակիցները հանձնեցին նաև կանոնների գիտելիքների թեստ: Հիմնական նպատակը մրցավարներին նախապատրաստելն էր Եվրոպայի առաջնություններին։

Մինչև այս ճամբարին մասնակցելը արդեն իսկ բարեհաջող հանձնել էի քննությունները և ստացել ՖԻԲԱ-ի մրցավարական արտոնագիր։

Մրցաշարին մասնակցում էին եվրոպական 10 երկրներ, ինչի շնորհիվ հնարավորություն ունեցանք սպասարկել տարբեր հանդիպումներ։ Խաղերին հաջորդում էին քննարկումները, որոնք ստացվեցին շատ արդյունավետ: Մրցավարների վերապատրաստմանն ուղղված այս ճամբարը կանցկացվի նաև հաջորդ տարի»,- ասաց Թամարա Հարությունյանը։

--00—ՍՊ